Գաստրոշունտավորումը բարելավում է ավելորդ քաշ ունեցող շաքարախտով հիվանդների առողջությունը. հետազոտություն

12:56   21 փետրվարի, 2017

Գաստրոշունտավորումը օգտակար է ոչ միայն ճարպակալմամբ տառապող մարդկանց համար, այլեւ շաքարախտով տառապող այն հիվանդների, որոնց ավելորդ քաշը չափավոր է. նման մարդկանց մոտ գաստրոշունտավորումը մեծացնում է շաքարախտի ռեմիսիայի հավանականությունը, նվազեցնում է դեղերի պահանջը եւ ընդհանուր առմամբ դրական է ազդում կյանքի որակի վրա: Այս մասին հայտնել են Monash University-ի գիտնականները, որոնք 5 տարի տեւած հետազոտության ընթացքում առաջին անգամ ուսումնասիրել են չափավոր ավելորդ քաշով մարդկանց վրա գաստրոշունտավորման ազդեցությունը:

Հետազոտությանը 45 մարդ է մասնակցել, որոնցից 22-ի մոտ սովորական բուժմանը հավելել են ստամոքսի բանդաժավորման միջամտությունը, 23 մարդ ներառվել է ստուգիչ խմբում: Բոլոր կամավորներին սնվելու եւ կենսակերպի վերաբերյալ խորհուրդներ են տվել:

Առաջին խմբում, որի մեջ մտած մարդիկ վիրահատության էին ենթարկվել, քաշի կորուստը կազմել է միջինում 12,2 տոկոս՝ ընդդեմ ստուգիչ խմբի 1,8 տոկոսի, մասնակիցների գրեթե քառորդ մասը առնվազն 5 տարի ռեմիսիայի մեջ է եղել, իսկ ստուգիչ խմբում նման ռեմիսիայի է հասել միայն 9 տոկոսը:

Հետազոտության հեղինակներից կլինիկական հետազոտող Ջոն Վենթվորթը նշել է, որ գաստրոշունտավորում անցած մարդիկ ընդհանուր առմամբ իրենց ավելի լավ են զգացել եւ ավելի հեշտ տեղաշարժվել: Արյան մեջ գլյուկոզայի մակարդակն արդյունավետորեն վերահսկելու համար նրանք ավելի քիչ քանակով դեղերի կարիք են ունեցել, քան մինչեւ վիրահատությունը:

«Ոմանք ասում են, որ գաստրոշունտավորումը շաքարախտի բուժման համար չափազանց արմատական մեթոդ է եւ երկարաժամկետ հեռանկարում արդյունավետ չէ: Կարծում եմ, որ մենք շաքարախտի վերահսկման եւ հիվանդության բարդացումների ավելի լավ եղանակներ պետք է փնտրենք: Մենք շահագրգռված ենք դիաբետիկների կյանքը հեշտացնելու եւ այնպիսի բարդացումների հավանականությունը նվազեցնելու հարցում, ինչպիսին են սրտի կաթվածը, երիկամների չգործելը, կուրությունը եւ անդամահատումը», - ասել է Վենթվորթը:



© NEWS.am Medicine