Պարկինսոնի հիվանդությունը հաղթահարելու գաղտնիքը մեր գեների մեջ է թաքնված. գիտնականներ

23:41   22 փետրվարի, 2017

University of Leicester-ի (Մեծ Բրիտանիա) գիտնականները այն գենն են գտել, որն առանցքային դերակատարում ունի Պարկինսոնի հիվանդության առաջացման մեջ: Խոսքը ATF4 գենի մասին է, որը միտոքոնդրիումային մետաբոլիզմը վերահսկող գեների «փոխարկիչի» դեր է կատարում: Միտոքոնդրիումային մետաբոլիզմի խափանումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ:

Մասնագետները փորձեր են իրականացրել ճանճերի վրա: Հայտնի է, որ Պարկինսոնի հիվանդության որոշ ձեւեր կապված են PINK1 եւ PARKIN գեների փոխակերպումների հետ, որոնք մասնակցում են միտոքոնդրիումների (բջիջների, այսպես կոչված, «էներգետիկ կայանների») աշխատանքին: Այս գեների փոխակերպումներով ճանճերի մոտ միտոքոնդրիումները վնասվում էին եւ առաջանում էին Պարկինսոնի հիվանդության ախտանիշները:

Cell Death and Differentiation ամսագրում հրապարակված հետազոտության ընթացքում, գիտնականները Պարկինսոնի հիվանդության հետ կապված եւս մեկ գեն են գտել՝ ATF4: Նրանք նկատել են, որ երբ ATF4 գենի ակտիվությունը նվազել է, նվազել են նաեւ միտոքոնդրիումային գեների էքսպրեսիայի մակարդակները: Դրա հետեւանքով ճանճերի մոտ շարժողական խանգարումներ են առաջացել, նվազել է կյանքի տեւողությունը եւ խախտվել է գլխուղեղի բջիջներում միտոքոնդրիումների աշխատանքը: Երբ գիտնականները ATF4-ի էքսպրեսիայի մակարդակը մեծացրել են, միտոքոնդրիումների ֆունկցիան վերականգնվել է, եւ հաջողվել է խնդիրներից խուսափել:

Գիտնականները համոզված են, որ այս ոլորտում հետագա հետազոտությունները կօգնեն բուժման մեթոդներ մշակել, որոնք կկանխեն կամ կդանդաղեցնեն Պարկինսոնի հիվանդության զարգացումը:



© NEWS.am Medicine