Հայաստանում ամեն տարի մոտ 8000 աբորտ եւ 3500 վիժում է գրանցվում

16:50   22 փետրվարի, 2017

Հայաստանում ամեն տարի մոտ 8000 աբորտ եւ 3500 վիժում է գրանցվում: Սակայն վերջին տարիներին երկու ցուցանիշներն էլ նվազում են: 2014 թվականին եղել է 3640 վիժում, իսկ 2015-ին՝ 2752 (2016 թվականի տվյաները դեռ չկան): Ինչ վերաբերում է աբորտներին, ապա 2015 թվականին 8507 աբորտ է կատարվել: Համեմատության համար՝ 1995 թվականին Հայաստանում կատարվել է 30,728 աբորտ՝ գրեթե 4 անգամ ավելի: Այս մասին NEWS.am Medicine-ին ասաց Առողջապահության նախարարության մոր եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի ղեկավար Գայանե Ավագյանը:

Մասնագետի կարծիքով՝ երկրում պերինատալ կորուստների թիվը նվազում է հղիության վարման ճիշտ կազմակերպման եւ սքրինինգային ծրագրերի շնորհիվ, որոնք հնարավորություն են տալիս շատ խնդիրներ եւ պաթոլոգիաներ վաղ հայտնաբերել:

Ինչ վերաբերում է աբորտներին, ապա Գայանե Ավագյանը նշեց, որ կանայք միայն 25-30 տոկոս դեպքերում են աբորտի դիմում, այսպես կոչված, «սոցիալական պատճառներով»: Մնացած դեպքերում մեծ մասամբ, կանանց ասելով, իրենք պատահաբար են հղիացել, այլեւս երեխա ունենալ չեն ցանկացել, ցանկացել են կարիերայի վրա կենտրոնանալ եւ այլն:  Մասնագետներից շատերի գնահատմամբ՝ հակաբեղմնավորման մասին գրագետ տեղեկատվության տարածումը եւ ընտանիքի ծրագրման ժամանակակից մեթոդների հասանելությունը կարող է օգնել կրճատել այսպիսի աբորտների թիվը:

Հայտնի է, որ վերջին 7-8 տարիներին Հայաստանում աբորտի հետեւանքով մահվան ոչ մի դեպք չի գրանցվել: Մասնագետների կարծիքով՝ սա վկայում է, որ Հայաստանում կանանց կյանքին սպառնացող ապօրինի աբորտներ գործնականում չեն կատարվում՝ աբորտ անել ցանկացող կանայք հիվանդանոց են դիմում:

Նշենք, որ օրենքի համաձայն՝ Հայաստանում կնոջ ցանկությամբ աբորտները թույլատրված են մինչեւ 12 շաբաթական հղիության դեպքում: Մինչեւ 22 շաբաթական հղիության դեպքում աբորտները թույլ են տրվում ըստ բժշկական ցուցումների: Սելեկտիվ աբորտները օրենքով արգելված են:

Հիշեցնենք, որ Lancet գիտական ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ զարգացած երկրներում աբորտների թիվը պատմական նվազագույնի է հասել: 1990 թվականին հարուստ երկրներում ապրող 1000 կնոջը 46 աբորտ էր բաժին ընկնում, իսկ 2014 թվականին աբորտների թիվը կրճատվել է մինչեւ պատմական նվազագույն ցուցանիշ՝ 27: Գիտնականների կարծիքով՝ դրան հաջողվել է հասնել հակաբեղմնավորման միջոցների հասանելիության շնորհիվ: Սակայն զարգացող երկրներում աբորտների թիվը նույն մակարդակին է մնում՝ 1000 կնոջ հաշվարկով 37 աբորտ:

Հետաքրքիր է, որ հետազոտության համաձայն՝ ամենամեծ թվով աբորտները կատարվում են Կարիբյան ավազանում (1000 կնոջը 65 աբորտ է բաժին ընկնում), ամենքիչ թվով՝ Հյուսիսային Ամերիկայում (1000 կնոջը՝ 17 աբորտ):



© NEWS.am Medicine