Գոյություն չունի «առողջ» կամ «վնասակար» սնունդ. իսրայելցի գիտնական

13:01   24 փետրվարի, 2017

Համընդհանուր իմաստով «առողջ» կամ «վնասակար» սնունդ գոյություն չունի՝ յուրաքանչյուր մարդու օրգանիզմը սնունդին յուրատեսակ է արձագանքում, ուստի այն, ինչը մի մարդու համար օգտակար է, կարող է մյուսի համար վնասակար լինել: Նման տեսակետ է հայտնել գաստրոէնտերոլոգիայի եւ իմունաբանության համաշխարհային առաջատար մասնագետ Էրան Էլինավը:

Էրան Էլինավը ղեկավարում է The ElinavLab-ը՝ Իսրայելի Վեյցմանի գիտահետազոտական ինստիտուտի իմունաբանության բաժանմունքին կից հետազոտական լաբորատորին, որը զբաղվում է բնածին իմունիտետի ու աղիքային միկրոֆլորայի միջեւ կապերի եւ առողջության վրա դրանց ազդեցության հետազոտությամբ: Էլինավը եւ նրա գործընկերները հետազոտություն են իրականացրել՝ նվիրված թթու խմորիչով տանը թխված «օգտակար» հացին եւ հացի գործարանում թխված ստանդարտ սպիտակ հացին մարդու օրգանիզմի արձագանքի համեմատությանը:

Հետազոտությանը 40 մարդ է մասնակցել, որոնց պատահականության սկզբունքով 2 խմբի են բաժանել: Մի խումբը մի քանի շաբաթ «տնային» հաց է ստացել, մյուսը՝ սովորական: Այս ամբողջ ընթացքում յուրաքանչյուր 5 րոպեն մեկ մասնակիցների արյան մեջ շաքարի մակարդակի դիտարկում է կատարվել: Արդյունքում պարզվել է, որ ստացած հացի տեսակի հանդեպ յուրաքանչյուր մասնակցի արձագանքը խիստ անհատական է՝ ինչ-որ մեկը գիրացել է՝ ստանալով տանը թխված հաց, ինչ-որ մեկը նիհարել է գործարանային «վնասակար» հացից:

«Համարվում է, որ մի հացը ավելի օգտակար է մյուսից: Բայց ինչպես այլ սնունդի դեպքում, մեր արձագանքը հացին զուտ անհատական է: Նման անհատականացված արձագանք ենք դիտարկել սնունդի բացարձակապես բոլոր տեսակների նկատմամբ: Բոլորի համար «լավ» կամ «վատ» սնունդ, այսպես կոչված՝ «սուպերսնունդ», պարզապես գոյություն չունի»,- նշել է Էլինավը՝ Բոստոնում փետրվարի 16-ից 20-ն անցկացված Գիտական առաջընթացի ամերիկյան ասոցիացիայի ամենամյա համաժողովում իր հետազոտության արդյունքները ներկայացնելիս:

Հետազոտության արդյունքները հաստատում են այն տեսությունը, որ սնունդի նկատմամբ անհատական արձագանքման եզակիությունը հիմնականում կախված է աղիների միկրոֆլորայից, նշել է Էլինավը: Կատարյալ դեպքում յուրաքանչյուր մարդ պետք է «դիզայներական սննդակարգ» ունենա՝ հիմնված այն բակտերիաների կազմի վրա, որոնք բնակվում են նրա աղեստամոքսային համակարգում: Միայն այսպիսի սննդակարգը կօգնի արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորել, օգնել ավելորդ քաշից ազատվել եւ առողջությունը պահպանել:



© NEWS.am Medicine