Եվրոպացի մասնագետները տագնապի կոչնակ են հնչեցնում հակաբիոտիկների նկատմամբ սուպերբակտերիաների կայունության պատճառով

10:36   23 փետրվարի, 2017

Եվրամիության երկրներում ամեն տարի գրեթե 25 հազար մարդ մահանում է, այսպես կոչված, «սուպերբակտերիաների» (հակաբիոտիկների նկատմամբ կայուն բակտերիաների) հետեւանքով: Այս մասին նշված է Պարենի անվտանգության եվրոպական գործակալության (EFSA) եւ Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) համատեղ հաշվետվության մեջ:

«Հակամանրէային դեղամիջոցների նկատմամբ ռեզիստենտությունը էական սպառնալիք է, որին ենթակա է մարդկանց եւ կենդանիների առողջությունը»,- հայտարարել է եվրահանձնակատար Վիտյանիս Անդրյուկայտիսը, որը պատասխանատու է պարենային անվտանգության եւ առողջապահության հարցերի համար:

Եվրահանձնակատարի խոսքով՝ սուպերբակտերիաների դեմ պայքարում ներդրված ջանքերը բավարար չեն: Հաշվետվության մեջ նշված է, որ ԵՄ-ի տարածքում տարածված է մեծ թվով հակաբիոտիկների նկատմամբ ռեզիստենտ սալմոնելա բակտերիան (Salmonella Typhimurium), որը աղիքային սալմոնելոզ ինֆեկցիայի հարուցիչն է:

Կարբապենեմանների (ազդեցության լայն սպեկտրով հակաբիոտիկներ) նկատմամբ կայուն բակտերիաներն առաջին անգամ հայտնաբերվել են կենդանիների եւ սնունդի մեջ: Աղիքայի ցուպիկում (E. coli) նույնպես ռեզիստենտության ցածր մակարդակ է նկատվել, որը հայտնաբերվել է խոզերի եւ նրանց մսի մեջ:

EFSA-ի կենսաբանական սպառնալիքի ստորաբաժանման ղեկավար Մարթա Հուգասը հայտնել է, որ հակաբիոտիկների նկատմամբ ռեզիստենտության ավելի ցածր մակարդակ է գրանցվել Եվրոպայի հյուսիսում եւ արեւմուտքում, մինչդեռ Եվրոպայի հարավում եւ արեւելքում այն բարձր է: Նրա խոսքով՝ դա կապված է հիվանդներին բուժելիս հակաբիոտիկների օգտագործման տարբեր մոտեցումների հետ: «Այն երկրներում, որտեղ հակամանրէային դեղամիջոցների կրճատման, փոխարինման կամ վերանայման գործողություններ են ձեռնարկվել, կենդանիների մոտ գրանցվել է դեղերի հանդեպ ռեզիստենտության ավելի ցածր մակարդակ եւ դրա նվազման միտում»,- ասել է նա:



© NEWS.am Medicine