Օրթոպեդիկ ապրանքներ արտադրող հայ-իրանական ՀՁ-ի ղեկավար. Ինչո՞ւ պետք է Հայաստանի փողերը Ռուսաստանին տամ (ֆոտո)

20:58   24 փետրվարի, 2017

Հայաստանի ղեկավարության խոստումները 180 աստիճանով տարբերվում են նրանց կոնկրետ գործողություններից: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց իրանցի ձեռնարկատեր Էդվին Խոդավերդին, որը օրթոպեդիկ ապրանքներ արտադրող հայ-իրանական Armenorthopedic support համատեղ ձեռնարկության հիմնադիրն է:

Խոդավերդին երկրորդ տարին անընդմեջ մասնակցում է հայկական «Առողջապահություն եւ դեղագործություն» ցուցահանդեսին, եւ անցյալ տարվա ցուցահանդեսի ժամանակ առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանը խոստացել էր, որ նախարարությունը իրանցի ներդրողի երաշխավորը կդառնա:

Խոդավերդին, սակայն, նշեց, որ խոսքը գործից տարբերվեց: Ընկերությունը որոշել էր իր արտադրանքը Հայաստանում գրանցել եւ made in Armenia պիտակով արտահանել Եվրասիական տնտեսական միության երկրների շուկա: Բայց Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը նրան գործնականում անիրականանալի պահանջներ է ներկայացրել, եւ նա Հայաստանում գրանցվելուց հրաժարվել է: Այնուհետեւ հայ պաշտոնյաները գործարարին առաջարկել են ֆինանսապես օգնել արտադրանքը Ռուսաստանում գրանցելու համար: Բայց  Խոդավերդին չի հասկանում, թե ինչու ինքը պետք է հայկական պետության փողերը վերցնի արտադրանքը Ռուսաստանում գրանցելու համար: Այս հարցը դեռեւս լուծում չի ստացել:

«Ես որոշեցի, որ Հայաստանում չեմ գրանցվի, բայց այստեղ արտադրություն կհիմնեմ, եւ արտադրանքը կարտահանեմ ուրիշ երկրներ: Ինձնից թելի սերտիֆիկատ պահանջեցին, իսկ ներքնաշոր արտադրողից ինչ-որ մեկն այդպիսի սերտիֆիկատ պահանջո՞ւմ է: Մեր արտադրանքը հագուստի պես մի բան է»,- ասաց նա՝ հավելելով, որ այստեղ նաեւ գրանցումը շատ թանկ է, քան այլ երկրներում: «Ռուսաստանում յուրաքանչյուր նմուշի գրանցման համար 275 հազար ռուբլի են պահանջում: Այստեղ ինձ ասացին, որ Հայաստանում, որպես ԵՏՄ երկիր, գրանցումը դրանից էժան չեն անի»,- ասաց նա:

Armenorthopedic support-ը հայ-իրանական համատեղ ձեռնարկություն է, որի իրանական սեփականատերը CHIPSO ընկերությունն է, որը Իրանում օրթոպեդիկ  կորսետների, բանդաժների,  ծնկակապերի, արմնկակապերի եւ այլ ապրանքների արտադրության առաջատարն է:

[gallery id=84]

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am Medicine