Ինովացիոն վիրահատություն. վիրաբույժները տղայի ոտքի ոսկորներից շարժունակ ձեռք են ստացել (ֆոտո)

22:17   25 փետրվարի, 2017

8-ամյա Լալ Դինգը հազվագյուտ խնդրով է ծնվել. ներքին ոսկորը, որն արմունկը միացնում է նախաբազկին, սխալ է զարգացել, ինչի արդյունքում տղան աջ ձեռքի բթամատ չի ունեցել, իսկ ձեռքը ծռված ու քիչ շարժունակ է եղել:

MedStar Union Memorial Hospital-ի վիրաբույժների կատարած աննախադեպ վիրահատության շնորհիվ տղան արդեն բթամատ ունի եւ կարող է ավելի ազատորեն շարժել ձեռքն ու նույնիսկ առարկաներ վերցնել:

Առաջին վիրահատության ընթացքում վիրաբույժները Լալի ցուցամատը բթամատի տեղում են դրել: Այդպես նա կարող էր գոնե առարկաներ բռնել, բայց տղան, ամեն դեպքում, չի կարողացել լիարժեք օգտվել ձեռքից: Այնուհետեւ Curtis National Hand Center-ից բժիշկ Ռյան Կացն ու գործընկերներն ինովացիոն վիրահատություն են կատարել, որի ընթացքում տղայի ոտքից ոսկոր, հոդեր եւ աճի կռճիկներ են վերցրել ու դրանց օգնությամբ նորմալ գործող ձեռք ու դաստակ են ստեղծել:

Այս վիրահատությունն առաջին անգամ կատարել է Ֆինլանդիայից բժիշկ Սիմո Վիլկին, իսկ ԱՄՆ-ում սա առաջին նման վիրահատությունն է: Բժիշկ Վիլկին ԱՄՆ է մեկնել՝ ամերիկյան գործընկերներին խորհրդատվություն տրամադրելու եւ օգնելու 8-ժամյա վիրահատության ժամանակ:

Հիմա տղայի ձեռքը նախկինից ավելի ուղիղ է: Նա ոտքի հետ կապված խնդիր չունի. կարող է հանգիստ քայլել: Ամեն շաբաթ Լալը ֆիզիոթարեպեւտիկ գործողությունների է մասնակցում, սովորում է ճիշտ օգտագործել ձեռքը:



© NEWS.am Medicine