Կե՞ղծ, թե՞ չգրանցված դեղ. Պրեստանսի փորձաքննության արդյունքները դեռ չեն հայտնում

23:52   1 մարտի, 2017

Հայաստանում հայտնաբերված Պրեստանս կեղծ դեղի փորձաքննության արդյունքները հայտնի կդառնան շաբաթվա վերջում: Սակայն բացի հայկական փորձաքննությունից, իր փորձագիտական եզրակացությունը պետք է տա նաեւ արտադրող Les Laboratoires Servier ընկերությունը: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել էր վեց դեղատներում  կեղծ Պրեստանս պրեպարատի հայտնաբերման մասին:  Հայտարարվել էր, որ կեղծ եւ օրիգինալ դեղի տարբերությունն այն է, որ օրիգինալ դեղի սերիան վեցանիշ է, իսկ կեղծինը՝ յոթանիշ:

Բայց ինչպես պարզվեց, յոթանիշ սերիայով դեղը արտադրվում է Ռուսատանի Servier գործարանում, եւ ստացվում է, որ  դրանք պարզապես չգրանցված, ոչ թե կեղծ դեղեր են: Մեր տվյալներով,  Դեղերի Փորձագիտական կենտրոնում նախնական ստուգումը ակտիվ նյութի շեղումներ չի արձանագրել, բայց այդ մասին դեռեւս չեն շտապում հաղորդել՝ սպասելով Les Laboratoires Servier-ի փորձագիտական գնահատականին:

Թեեւ, ինչպես նշել էր Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը, կեղծ դեղը չի նշանակում ակտիվ նյութի կեղծում, դեղի հետ կապված ցանկացած տարրի կեղծման դեպքում այն կեղծ է համարվում:  Նրա խոսքով՝  հայտնաբերված Պրեստանս դեղերն ամբողջովին կեղծված փաթեթավորում ունեին:

Միաժամանակ, NEWS.am Medicine-ի հետ զրույցում  Les Laboratoires Servier-ի հայկական ներկայացուցչության տնօրեն Գագիկ Վելիջանյանը խոստովանեց, որ  Հայաստանում հայտնաբերված «կեղծ» դեղերից մեկը գնվել է Ռուսաստանում։ Նա նշեց, որ Servier ընկերության ռուսաստանյան գործարանում տեղական շուկայի համար Պրեստանսն իսկապես արտադրվում է յոթանիշ սերիայով:

Սակայն, նրա խոսքով, ամենայն հավանականությամբ այդպիսի սերիայով ոչ բոլոր պրեպարատներն են արտադրված Ռուսաստանում: Որոշներն իսկապես  կեղծ են թվում: «Ընդ որում, բոլոր այդ տութերի վրայից բացակայում են ստուգիչ դրոշմապիտակները, իսկ դա արդեն վկայում է այն մասին, որ  այդ դեղերն ապօրինի կերպով են ներկրվել եւ պատշաճ փորձաքննություն ու ստուգումներ չեն անցել», - ասել է  նա:



© NEWS.am Medicine