Վախը եւ զայրույթը նվազեցնում են ախորժակը, իսկ տխրությունը՝ մեծացնում

14:08   9 մարտի, 2017

Զալցբուրգի համալսարանի գիտնականները Լյուքսեմբուրգի համալսարանի գործընկերների հետ համատեղ նախագիծ են գործարկել, որի նպատակը տրամադրության եւ ոչ առողջ սննդային վարքագծի միջեւ փոխկապի ուսումնասիրումն է: Նախագիծը, որը ֆինանսավորում է Ավստրիայի գիտական FWF հիմնադրամը (Austrian Science Fund FWF), կոչվում է Emo Eat: Նախկինում գիտնականներն արդեն պարզել են, որ էմոցիոնալ գերհագեցումն ավելի շուտ հատուկ է ավելորդ քաշով մարդկանց, սակայն էմոցիաներն ինչպես են ազդում օգտագործվող սնուդի քանակի վրա՝ մինչեւ այսօր հայտնի չէր:

Գիտաշխատողները համեմատել են կանանց երկու խմբերին՝ առողջ եւ բուլիմիայով հիվանդ: Գիտակից եւ էմոցիոնալ սննդային վարքագծի ստանդարտները սահմանազատելու համար գիտնականներն օգտագործել են կրթական տեսությունների, լաբորատոր պայմաններում փորձարկումների համադրությունը, նաեւ ուսումնասիրել են սնվելու օրագրերը, որոնք մասնակիցները վարել են սմարթֆոնների հավելվածում: Առաջատար հետազոտող Յենս Բլեքերթը նշել է, որ ինքն ու իր գործընկերները կենտրոնացել են քաղցի հետ չկապված սնունդի օգտագործման վրա: Նա հավելել է, որ իրենք աշխատել են էմոցիաների եւ սնունդի իջեւ կապերի հայտնաբերման ուղղությամբ, որոնք արտահայտվել են մեծացած ախորժակով:

Կանանց մեծ մասը հայտարարել է, որ սովորականից ավելի շատ է կերել, երբ տխուր է եղել: Զայրույթը կամ անհանգստությունը, հակառակը, ախորժակը փակել են. սա նախկինում էլ էր հայտնի, հետազոտությունները ցույց են տվել, որ սթրեսի հորմոն կորտիզոլը ճնշում է քաղցի զգացումը: Երջանկությունը սննդային վարքագծի վրա ամենեւին չի ազդել: Գիտնականներին հետաքրքրել է, թե ինչն է, այնուամենայնիվ, թաքնված տխրության պահին ուտելու ցանկության ետեւում: Յենս Բլեքերթի պարզաբանմամբ՝ պատճառն, ավելի շուտ, հոգեբանական մեխանիզմներն են եւ ձեռք բերված վարքագիծը: Չափից շատ ուտելը կապված է էմոցիաների հետ, եւ դրա վրա է հիմնված սննդային խանգարումների բուժման միջոցներից մեկը՝ բժիշկները վերլուծում են այն իրավիճակը, որոնց պայմաններում հիվանդը շատ է ուտում, եւ առաջարկում են ինքնապարգեւատրման ավելի առողջ ուղիներ, օրինակ՝ սնվել հաճելի հաղորդակցության ուղեկցությամբ:

Մասնագետները փորձ են անցկացրել, որի համար նախ առողջ մասնակիցներին խմբերի են բաժանել ըստ այն չափանիշի, թե նրանց զգացմունքայնությունն ինչպես է ազդում սննդային վարքագծի վրա: Ընդամենը եղել է 3 խումբ՝ բարձրզգացմունքային ուտողներ, ոչ զգացմունքային, երրորդ խումբը միջին է եղել: Առաջին փուլում բոլոր կանայք, որոնք բուլիմիայով չեն տառապել, սմարթֆոնի հավելվածի միջոցով լրացրել են սնվելու օրագիրը՝ հայտնելով սննդային նորմալ վարքագծի բոլոր դեպքերի մասին կամ այն իրավիճակների, երբ էմոցիոնալ ֆոնը չափազանց հագեցած է եղել: Այսկերպ կատարվել է խմբերով բաշխումը:

Այնուհետեւ բոլոր մասնակիցներին խնդրել են մտաբերել անցած շաբաթվա բացասական պահերը՝ դրանք հիմնականում եղել են սոցիալական հաղորդակցությունները, օրինակ՝ Skype-ով ընկերոջ հետ վեճերը: Դրանից հետո նրանց ցույց են տվել ձեռքի հետ ուտելու տարբեր ուտեստների պատկերներ եւ էլեկտրաէնցեֆալոգրի միջոցով գրառել են, թե այդ պահին ուղեղի որ հատվածներն են ակտիվացել: Սովորաբար կերակուրի լուսանկարները «միացնում» են ուղեղի պարգեւի համար պատասխանատու հատվածները կամ տեսողական կեղեւը: Էմոցիաների առաջացրած սննդային վարքագծի դեպքում ակտիվ են եղել ճակատային մասերը: Հնարավոր է՝ ապագայում այս եզրահանգումների հիման վրա նոր բուժում կմշակվի:



© NEWS.am Medicine