Գիտնականները պարզել են հիպերտոնիայի բնույթը

13:01   10 մարտի, 2017

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Բջջաբանության եւ գենետիկայի ինստիտուտի Սիբիրի բաժանմունքի կենսաբանները հայտնաբերել են հիպերտոնիայի (արյան ճնշման կայուն բարձրացում) առաջացման հնարավոր պատճառները: Հետազոտության վերաբերյալ հոդվածը հրապարակվել է Experimental Physiology ամսագրում:

Գիտնականները հիպերտոնիայի առաջացման հնարավոր պատճառներից մեկն են համարում գլխուղեղում նյարդային ակտիվության եւ արյան հոսքի փոփոխությունները, որոնք տեղի են ունենում վաղ տարիքում:

Մասնագետներն այսպիսի եզրակացության են եկել՝ համեմատելով առնետների երկու խմբերին: Առաջինում ընդգրկված կրծողները արյան նորմալ ճնշում ունեին, երկրորդում ընդգրկվածները՝ անկանոն, որն առաջացել էր ծնվելուց 4-ից 6 շաբաթվա ժամանակահատվածում եւ նրանց համար բնութագրական էր հետագայում:

Առաջին խմբի համեմատությամբ՝ երկրորդ խմբի կրծողների մոտ գիտնականները որոշակի զարկերակներում արյան հոսքի ցուցանիշներում տեղաշարժեր են նկատել, ինչպես նաեւ փոփոխություններ գլխուղեղի ակտիվության մեջ, մասնավորապես՝  փոքրացում ճակատային կեղեւում եւ բարձրացում հիպոթալամուսի հատվածում:

Մարդկանց 90-95 տոկոսի մոտ արյան բարձր ճնշումը ակնհայտ դիտվող պատճառներ չունի: Մինչդեռ հիպերտոնիան համարվում է գլխուղեղի, երիկամների, սրտի, աչքերի եւ այլ օրգանների հիվանդությունների առաջացման գործոններից մեկը:

Ռուս գիտնականների հետազոտությունը կարող է օգնել այս հիվանդությունների կանխարգելմանը:



© NEWS.am Medicine