Երեխայի ծննդյան միանվագ նպաստը հնարավոր է ստանալ ցանկացած բանկից՝ դիմումը առցանց լրացնելով. ՀՀ ԱՆ

13:22   10 մարտի, 2017

ՀՀ կառավարության շահառուների սպասարկման որակի բարելավման եւ առցանց ծառայությունների մատուցման ծրագրից բխող նոր համակարգը հնարավորություն կտա ընտանիքներում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում առցանց գրանցվել եւ դիմում ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար։ Սա մի հնարավորություն է առանց Ծառայության տարածքային բաժիններ այցելելու (համակարգչի կամ շարժական սարքերի միջոցով) գումարը ստանալ անմիջապես բանկային հաշիվներից կամ ցանկացած բանկից: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ Հայաստանի բոլոր ծննդատներում սկսում է քարոզարշավ` երեխայի ծննդյան միանվագ նպաստի մասին քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:

Քարոզարշավի ընթացքում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը ծառայության կամավորները կծանոթացնեն երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար դիմումն առցանց ներկայացնելու նոր համակարգը:

Հանրապետության բոլոր ծննդատներում կապահովվի իրազեկման նյութերի մշտական առկայություն, կտեղադրվեն նոր տեղեկատվական համակարգի վերաբերյալ պաստառներ, իսկ Երեւանի ծննդատներում, երեխայի ծննդյան վկայականի առկայության դեպքում, ծնողները նաեւ առցանց համակարգում գրանցվելու եւ դիմումներ ներկայացնելու հնարավորություն կունենան:



© NEWS.am Medicine