ԱՄՆ-ում 2 մարդ մահացել է պանրից թունավորվելու պատճառով

21:06   10 մարտի, 2017

ԱՄՆ-ի մի քանի նահանգներում լիստերիոզի բռնկումից 2 մարդ է մահացել, եւս մի քանիսը հիվանդացել են: Տեղական իշխանությունների տեղեկություններով՝ հիվանդությունը հավանաբար առաջացել է Ouleout կոչվող փափուկ պանրի հետեւանքով, որը Նյու Յորքի նահանգի Vulto պանրագործարանում պատրաստվում է չպաստերիզացված կաթով:

Լիստերիոզի 6 դեպք գրանցվել է Քոնեքտիկուտում եւ Վերմոնթում, հիվանդացածների թվում են նաեւ Նյու Յորքի եւ Ֆլորիդայի բնակիչները:

Պանիրը վաճառվել է Ֆերֆիլդի, Քոնեքտիկուտի նահանգ, Whole Foods խանութում, հավանաբար՝ նաեւ պանրի այլ մասնագիտացված խանութներում:

Vulto պանրագործարանը, որն արտադրում է տեղական ֆերմերների մատակարարած հում կաթի օգտագործմամբ ձեռքով պատրաստվող պանրի ոչ մեծ խմբաքանակներ, հետ է կանչել պանրի մի քանի տեսակներ:

Լիստերիաները հանդիպում են հում կաթում եւ դրանից պատրաստված մթերքներում, այս բակտերիաները կարող են ապրել սառեցման պայմաններում: Լիստերիան կարելի է ոչնչացնել միայն եփելիս կամ պաստերիզացնելիս:

Որոշ գնորդներ կարծում են, որ հում կաթի համը ավելի լավն է եւ թույլ է տալիս ավելի համեղ պանիր պատրաստել: Ոմանք էլ չպաստերիզացված կաթ են ընտրում՝ ձգտելով անցնել չվերամշակված մթերքների, որոնք վերջին շրջանում ավելի հաճախ են որպես վնասակար ընկալվում:

Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնը պնդում է, որ հում կաթը սպառողներին մեծ վտանգ է սպառնում, որոնք օրեր շարունակ կարող են բախվել «փորլուծությանը, սպազմին, փսխմանը», իսկ հազվադեպ դեպքերում՝ երիկամային անբավարարությանը, կաթվածին, քրոնիկական խանգարումներին եւ նույնիսկ մահվանը:

Հում կաթի բակտերիան կարող է հատկապես վտանգավոր լինել թույլ իմունիտետով մարդկանց, տարեցների, հղի կանանց եւ երեխաների համար, զգուշացնում են ամերիկյան իշխանությունները:

Հում կաթից պատրաստվող մթերքներն արգելված են ԱՄՆ-ի 20 նահանգներում, կարող են վաճառվել 25 նահանգների ֆերմաներում եւ հասանելի են 13 նահանգների խանութներում:

Եվրոպայում չպաստերիզացված կաթով պատրաստված մթերքները պետք է հատուկ մակնշում ունենան: Ֆրանսիական պանրի մոտ 20 տոկոսը պատրաստվում է հում կաթով: Բրիտանիայում չպաստերիզացված կաթով պատրաստված մթերքներ կարելի է գնել միայն ֆերմաներում:



© NEWS.am Medicine