Ամառային ժամանակին անցումը անօգուտ է եւ մարդկանց առողջության համար վնասակար

20:23   13 մարտի, 2017

Փորձագետները հայտնել են, թե ինչու է ամառային ժամանակին անցումը անօգուտ եւ մարդկանց առողջության համար վնասակար: Այս մասին նշված է Toronto Sun պարբերականում:

Ամառային ժամանակին անցնելիս շատերը վշտանում են քնի մեկ ժամը կորցնելու համար: Պատրաստվեք դիմավորել փնթփնթացող, մռայլ եւ անխնամ գործընկերների խմբին, հայտնել են հեղինակները:

Մարդկանց ավելի քան 75 տոկոսը աշխատավայրում հոգնում է, պարզվել է Accountemps-ի հարցման արդյունքներով: Ըստ որում՝ մեկ երրորդն ասել է, որ իրենք շատ քիչ են քնում:

«Քնի մեկ ժամի կորուստը կնշանակի, որ փակվող աչքերի պայմաններում արդեն հոգնած աշխատուժն ավելի քիչ կաշխատի»,- նշել է Accountemps-ի ստորաբաժանման տնօրեն Ալեքս Սաաթջյանը:

Մարդու շրջափուլային ռիթմի հետ խաղալը եւ քնի կտրուկ խանգարումը աշխատակիցներին դեպրեսիայի մեջ է գցում, եւ ռիթմը վերականգնելու համար մի քանի օր է պահանջվում: Միեւնույն ժամանակ, չսպասեք ժպիտի, արտադրողականության կամ ճշտապահության, գործատուներին խորհուրդ են տալիս փորձագետները:

Ամառային ժամանակին անցնելն անիմաստ ավանդույթ է, որը բոլորն ատում են, նշել են հեղինակները: Հետազոտողները ժամը փոխելու առաջին ժամերին հայտնաբերել են ավտովթարների, սրտի նոպաների, աշխատավայրում վնասվածքներ ստանալու թվի աճ, նաեւ ֆոնդային շուկայում եւ աշխատավայրում հոգեկան վիճակի անկում:

Սա կարող է առաջացնել նաեւ սեզոնային դեպրեսիա. Դանիայի գիտնականների կատարած հետազոտությամբ պարզվել է, որ սեզոնային փոփոխություններից հետո դեպրեսիայի դեպքերը 11 տոկոսով ավելացել են:

 



© NEWS.am Medicine