Մազերի ներկը եւ հորմոնալ հակաբեղմնավորիչները մեծացնում են կրծքի քաղցկեղի առաջացման վտանգը

10:50   14 մարտի, 2017

Այն կանայք, որոնք կանոնավորապես մազերը ներկում են կամ հորմոնալ հակաբեղմնավորիչներ օգտագործում, կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի խմբում են: Այս մասին զգուշացնում են Հելսինկիի համալսաարանի գիտնականները:

Մազերը ներկելու վտանգների մասին նախկինում էլ էր հայտնի, եւ հիմա Հելսինկիի համալսարանի գիտնականների կատարած հետազոտությամբ այդ վտանգները հաստատվել են: Նրանց խոսքով՝ մազերի ներկերում քաղցկեղածին նյութեր եւ տոքսիններ են պարունակվում, որոնց ազդեցությունը 23 տոկոսով մեծացնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը: Ներկում կան հետեւյալ վտանգավոր միացությունները՝ պարաֆենիլենդիամին, պենտանաթթու, ամոնիումացված սնդիկ, նոնիլֆենոլ կամ օկտիլֆենոլ, անիլինային ներկանյութեր:

Գիտնականները նշել են, որ անվտանգ չեն ինչպես ինքնուրույն ներկման համար նախատեսված ներկերը, այնպես էլ պրոֆեսիոնալ սրահային ներկերը: Ի դեպ, ներկերի կազմի մեջ կարող են լինել նաեւ ակտիվ տոքսիկ նյութեր եւ միացություններ, որոնք վտանգավոր են դառնում օդի աղտոտված նյութերի հետ ռեակցիայի մեջ մտնելիս:

Նշենք, որ նախկինում ապացուցվել է, որ մազի ներկը մեծացնում է նաեւ միզապարկի, ուղեղի քաղցկեղի եւ լեյկեմիայի առաջացման հավանականությունը:

Ինչ վերաբերում է հորմոնալ հակաբեղմնավորիչներին եւ հորմոնալ դեղամիջոցներին, գիտնականների խոսքով՝ դրանց օգտագործումը կանանց շրջանում 52 տոկոսով մեծացնում է դաշտանադադարից հետո կրծքի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Իսկ վերարտադրողական տարիքում գտնվող կանանց շրջանում պրոգեստերոնի հմքով հորմոնալ հակաբեղմնավորիչների օգտագործումը քաղցկեղի հավանականությունը մեծացնում է 32 տոկոսով:

Գիտնականներից շատերը նախկինում էլ էին համարում, որ պրոգեստերոն պարունակող հորմոնալ միջոցները կրծքի քաղցկեղի առաջացման վտանգի գործոն են: Ավելին՝ պրոգեստերոնը ալկոհոլի հետ եւ ավելորդ քաշ ունենալու դեպքում մտել է Cancer Research UK կազմակերպության թվարկած քաղցկեղի վտանգի գործոնների ցուցակի մեջ:

Cancer Research UK-ից դոկտոր Ժասմինա Ջասթը նշել է, որ դեռեւս ապացուցված չէ քաղցկեղի եւ մազի ներկի միջեւ կապը, եւ առայժմ չի կարելի պնդել, որ մազերը ներկող կանայք քաղցկեղով իսկապես ավելի հաճախ են հիվանդանում:

«Փոխարենը մենք ճշգրիտ գիտենք, որ կրծքի քաղցկեղի վտանգը կարելի է նվազեցնել առողջ քաշ պահպանելու, ֆիզիկական ակտիվության եւ ալկոհոլի օգտագործման կրճատման շնորհիվ»,- նշել է մասնագետը:



© NEWS.am Medicine