Անհաջող աբդոմինոպլաստիկան այլանդակել է 34-ամյա կնոջ փորը (ֆոտո)

22:28   14 մարտի, 2017

34-ամյա Կուաննա Բրաունը հույս ուներ, որ աբդոմինոպլաստիկան իրեն կօգնի հարթ փոր ստանալ եւ կազատի ավելորդ մաշկից, որն առաջացել էր երկու հղիություններից հետո: Սակայն վիրահատությունից հետո կինը հիմա ավելի վատ տեսք ունի, քան մինչեւ վիրահատությունը՝ հիմա նրա փորը, իր իսկ խոսքով, նման է մեծ փքված սնկի:

Կուաննան որոշել է վիրահատվել 2015 թվականի հունիսին. 2 հղիություններից հետո նրան լքել էր հրապուրիչ լինելու վստահությունը, նա իրեն գեր եւ այլանդակ էր թվում, ուստի երազում էր պլաստիկայի մասին, որը նրան կվերադարձներ բարեկազմ կառուցվածքը:

Վիրահատությունից հետո Կուաննան հիվանդանոցային մահճակալին 50 օր է անցկացրել եւ ստիպված է եղել եւս 5 շտկող վիրահատության ենթարկվել, որոնք, սակայն, նրան այնքան էլ չեն օգնել՝ նրա փորը ձեւախեղված է մնացել, սպիներով ծածկված:

«Ես շատ էի ցանկանում արտաքինս փոխել: Ստիպված էի շատ բանի միջով անցնել, մարդիկ ինձ գեր եւ այլանդակ էին անվանում: Երեխաների ծնվելուց հետո ցանկանում էի «մայրիկների համար պլաստիկա» անել: Շատ մանրակրկիտ եմ վիրաբույժին որոնել, նա բարձր վարկանիշ ուներ, ինքը բժիշկն այնքան սիրալիր էր ու բարեհամբույր: Վիրահատությունից հետո առաջին օրը ես երջանիկ էի, սակայն արդեն 4 օր հետո սաստիկ ցավեր սկսվեցին, եւ ես չէի կարողանում շարժվել»,- պատմել է Կուաննան:

Հիվանդանոցում կնոջը հակաբիոտիկներ են նշանակել, սակայն ցավերը շարունակվել են, եւ բժիշկները հետվիրահատական կարերը բացելով՝ մեռուկացման նշաններ են տեսել: Կնոջը շտկող մի վիրահատությունից մյուսն են կատարել, նրա մոտ թրոմբներ են հայտնաբերել, նրան հզոր դեղերով են բուժել եւ շուտով կրկին հոսպիտալացրել են:

Ինքը՝ Կուաննան կարծում է, որ երեխաներին խնամելու անհրաժեշտությունն է իրեն օգնել ողջ մնալ եւ այդ մղձավանջի հետեւանքով չմահանալ: Հիմա նա երրորդ երեխայի ծնունդին է սպասում եւ ջանում է, իր խոսքով, լավատես լինել:



© NEWS.am Medicine