«Անվտանգ» ցավազրկողները կարող են սրտի հանկարծակի կանգ առաջացնել

16:09   16 մարտի, 2017

Ոչ ստերոիդային ցավազրկող դեղամիջոցները, որոնք մարդկանց մեծ մասն անվտանգ է համարում, իրականում քողարկված վտանգներ են պարունակում: European Heart Journal - Cardiovascular Pharmacotherapy ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ այս դեղամիջոցների օգտագործումը մեծացնում է սրտի հանկարծակի կանգի հավանականությունը:

Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները (այդ թվում՝ բոլորին հայտնի դիկլոֆենակը եւ իբուպրոֆենը) մտնում են ամբողջ աշխարհում ամենահաճախ օգտագործվող դեղամիջոցների թվի մեջ: Դրանցից մի քանիսը կարելի է ձեռք բերել առանց բժշկի դեղատոմսի:

«Քանի որ այս դեղորայքը վաճառվում է առանց դեղատոմսի եւ որեւէ սահմանափակման, մարդկանց մոտ դրանց անվտանգության սխալ տպավորություն է ստեղծվում: Սակայն հետազոտություններով պարզվել է, որ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները մեծացնում են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը, եւ սա լուրջ խնդիր է, քանի որ այս դեղամիջոցներն այսօր շատ հաճախակի են օգտագործվում»,- ասել է Copenhagen University Hospital Gentofte-ի պրոֆեսոր Գուննար Գիսլասոնը:

Նոր հետազոտությամբ պարզվել է, որ իբուպրոֆենի եւ դիկլոֆենակի նման դեղամիջոցները կարող են դրանք օգտագործող մարդկանց սրտի կանգ առաջացնել: Պարզվել է, որ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներից ամենավտանգավորը այն միջոցներն են, որոնք դիկլոֆենակ են պարունակում՝ այս դեղամիջոցը սրտի կանգի հավանականությունը 50 տոկոսով մեծացրել է (ընդունելուց հետո 30 օրվա ընթացքում):

Իբուպրոֆենը փոքր-ինչ պակաս վնասակար է՝ ընդունելուց հետո սրտի կանգի հավանականությունը մեծացել է 31 տոկոսով:

«Մեր հետազոտությունը եւս մեկ անգամ ցույց է տվել, որ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներն ամենեւին էլ անվտանգ չեն: Ե՛վ դիկլոֆեակը, ե՛ւ իբուպրոֆենը մեծացնում են սրտի կանգի հավանականությունը, եւ երկու դեղամիջոցն էլ այսօր լայնորեն օգտագործում է: Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները պետք է զգույշ օգտագործել եւ միայն ցուցումների դեպքում: Իսկ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկի խմբում գտնվող կամ վտանգի շատ գործոններ ունեցող մարդիկ ցակալի է, որ խուսափեն այս դեղամիջոցների օգտագործումից»,- ասել է պրոֆեսոր Գիսլասոնը:

 



© NEWS.am Medicine