Պանիրը արյան մեջ խոլեստերինի մակարդակը չի բարձրացնում. հետազոտություն

20:43   16 մարտի, 2017

Պանրի պարբերական օգտագործումը արյան մեջ խոլեստերինի մակարդակը չի բարձրացնում եւ սիրտ-անոթային հիվանդություններ չի առաջացնում: Այս մասին նշված է Nutrition and Diabetes-ում հրապարակված հետազոտության մեջ, որը կատարել են University College Dublin-ի (Իռլանդիա) գիտնականները:

Պանիրն իսկապես հագեցած ճարպեր է պարունակում, սակայն գիտնականները պարզել են, որ այս մթերքի նույնիսկ մեծ քանակի յուրացումը արյան մեջ խոլեստերինի մակարդակը չի բարձրացնում: Ավելին՝ պանրի օգտագործումը առողջության համար կարող է օգտակար լինել: Պարզվել է, որ իրենց սննդակարգում յուղոտ մթերքներն ընդգրկելուց խուսափող մարդկանց շրջանում «վատ» խոլեստերինի մակարդակի բարձրացման պատճառով ավելի մեծ է սիրտ-անոթային հիվանդություններին բախվելու հավանականությունը:

Այսօր բժիշկներից շատերը մարդկանց խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ հագեցած ճարպերի բարձր մակարդակով սննդամթերքներից: Համարվում է, որ սերուցքային կարագի, թխվածքի եւ խոզամսի մեջ պարունակվող ճարպը արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձրացնում է: Իրականում խոլեստերինն օգնում է օրգանիզմի գործելուն: Սակայն խոլեստերինի ավելցուկն առաջացնում է անոթների պատերի խցանում եւ արյան շրջանառության սահմանափակում: Սա, իր հերթին, կարող է սրտային հիվանդություններ առաջացնել, որոնք ներկայումս համարվում են մեր մոլորակում մարդկանց մահվան գլխավոր պատճառը:

University College Dublin-ի գիտնականներն ուսումնասիրել են կաթնամթերքների ազդեցությունը 18-ից միչեւ 90 տարեկան 1500 կամավորների վրա: Պարզվել է, որ պանրի օգտագործումը կապված չէ օրգանիզմում ճարպի տոկոսի ավելացման հետ, ինչպես նաեւ «վատ» խոլեստերինի մակարդակի բարձրացման հետ: Հետազոտության արդյունքները եւս մեկ ապացույց են, որ պանիրը չի ներգործում խոլեստերինի մակարդակի վրա:



© NEWS.am Medicine