Աղջկա մկանները հազվագյուտ հիվանդության հետեւանքով ոսկորների են վերածվում (ֆոտո)

16:57   17 մարտի, 2017

Քոնեքթիկուտից 23-ամյա Ժասմին Ֆլոյդը տառապում է հազվադեպ եւ անբուժելի հիվանդությամբ՝ պրոգրեսիվ ոսկրացնող ֆիբրիոդիսպլազիայով, որի հետեւանքով նրա մկաններում ոսկորներ են աճում, հետեւաբար՝ մկանները կորցնում են շարժունակությունը:

Ներկայումս ամբողջ աշխարհում այս հիվանդության միայն մոտ 800 դեպք է գրանցվել: Հիվանդների մկանները, ջլերը եւ կռճիկները կրակալվում են, ինչը, փաստորեն, նրանց հյուսվածքներից երկրորդ կմախք է ստեղծում:

Ժասմինին այս հիվադությունը բժիշկներն ախտորոշել են 5 տարեկանում: Սկզբում նա բողոքում էր պարանոցի շրջանում սուր ցավերից: Ժամանակի ընթացքում հիվանդությունն առաջացրել է ծնոտների, պարանոցի, ուսերի, արմունկների եւ ազդրերի ուժեղ կաշկանդում: Հիմա աղջիկը մեծ դժվարությամբ է խոսում եւ ուտում:

Ժասմինը ժամանակի ընթացքում, հավանաբար, ընդհանրապես կկորցնի շարժվելու հնարավորությունը, հիմա էլ նա ավելի հաճախ է ստիպված լինում հաշմասայլակով տեղաշարժվել: Չնայած տառապանքին, աղջիկը մտադիր է հասցնել իրագործել իր կազմած ցանկությունների ցանկը, քանի դեռ հիվանդությունն իրեն լիովին չի վերածել անշարժ էակի: Ժասմինը ջանում է առավելագույն անկախություն պահպանել, բայց, օրինակ, ձեռքերը նա կարող է բարձրացնել միայն մինչեւ ճակատը, ըստ որում՝ կողքի տարածելն արդեն ահնար է:

Պրոգրեսիվ ոսկրացնող ֆիբրոդիսպլազիան ամենահազվադեպ եւ ծանր գենետիկ հիվանդություններից մեկն է: Հիվանդությունն աստիճանաբար սահմանափակում է մարդու շարժումների ազատությունը, եւ օրգանիզմում առաջացող երկրորդ կմախքը մարմնի համար բանտ է դառնում: Ժամանակի ընթացքում հիվանդությունը մարդուն մահվան է հասցնում, երբ կողոսկրերը պահող կռճիկները միանում են իրար եւ նույնպես կրակալվում, որը մարդուն պարզապես զրկում է շնչելու հնարավորությունից: Արդյունքում հիվանդները շնչահեղձ են լինում կամ սրտի կանգ է առաջանում:



© NEWS.am Medicine