Ստատինները կարող են տարեց կանանց օրգանիզմում շաքարախտ առաջացնել

23:30   18 մարտի, 2017

Չնայած ստատինները պաշտպանում են սրտային հիվանդություններից, տարեց կանանց շրջանում դրանք ավելի քան 50 տոկոսով մեծացնում են շաքարախտի վտանգը: Եթե կանայք այս դեղերի մեծ չափաքանակներ են ստանում, ապա ավելի հաճախ են բախվում պոտենցիալ մահացու վտանգ ներկայացող մետաբոլիկ խանգարումներին, որոնք առաջանում են արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման հետեւանքով:

Ավստրալիայի Քվինսլենդի համալսարանի գիտնականները որոշել են հետազոտություն կատարել, որն առաջիններից մեկն է ուսումնասիրել ավելի քան 8 հազար թոշակառու կանանց առողջության վրա ստատինների ազդեցությունը: Հետազոտողները պնդում են, որ ստատիններ ընդունող կանանց մոտ պետք է կանոնավորապես ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը:

Հաստատվել է, որ 75 տարեկանից մեծ հիվանդների շրջանում ստատինների ընդունումը շաքարախտի հավանականությունը 33 տոկոսով մեծացնում է: Իսկ եթե դեղերի չափաքանակը զգալի է, ապա հավանականությունը մեծանում է 50 տոկոսով: Հետազոտությունը հաստատել է գիտնականների մեկ այլ խմբի եզրակացությունները, որոնք անցյալ տարի ապացուցել են, որ խոլեստերինի բնական բարձր մակարդակով մարդիկ, որքան էլ տարօրինակ է, շաքարախտով ավելի հազվադեպ են տառապում:

 

 



© NEWS.am Medicine