Երկնաքերներում աշխատելը վտանգավոր է առողջության համար

15:44   20 մարտի, 2017

Եթե աշխատում եք բարձրահարկ շենքում գտնվող գրասենյակում, արագ եք հոգնում ու գրգռված դառնում, ամենեւին էլ պարտադիր չէ, որ պատճառը աշխատանքը լինի: Գիտնականներին մտահոգում է այն, որ բարձրահարկ շենքերը եւ խոշոր կամուրջները կարող են մարդկանց վրա շատ ուժեղ ներգործություն ունենալ:

Նախորդ հետազոտություններով արդեն պարզվել է, որ իսկապես գոյություն ունի «շենքերի հիվանդագին համախտանիշ», այդ պատճառով հետազոտողները նոր ծավալուն փորձ են սկսում՝ 7 մլն ֆունտ սթեռլինգ արժեքով՝ գնահատելու համար, թե բարձրահարկերը որքանով են ուժեղ սպառնում մարդու առողջությանը, եւ գտնել բացասական հետեւանքները կանխելու մեթոդներ:

Նոր հետազոտությանը կմասնակցեն Բաթի եւ Էքսեթերի համալսարանների բժիշկներ, ինժեներներ, ֆիզիոլոգներ եւ հոգեբաններ: Նրանք կստուգեն այն պնդումը, որ մարդիկ տառապում են ծովային հիվանդությամբ, հոգնածությամբ, դեպրեսիայով, կենտրոնացման վատթարացմամբ եւ մոտիվացիայի բացակայությամբ, եթե բնակվում կամ աշխատում են մի շենքում, որը թեթեւակի ճոճվում է:

Փորձարկման համար տրենաժորներ կպատրաստվեն: Գիտնականները կհետեւեն բարձրահարկ շենքերի, կամուրջների շարժումներին, միաժամանակ մարզադաշտը կամ համերգային հրապարակը լքող մարդկանց բազմության վիբրացիային մարդու օրգանիզմի արձագանքին:

Պարզվում է՝ առաջին հայացքից նույնիսկ ամեմաամուր բարձրահարկերը եւ կամուրջները արտաքին ուժերի ազդեցությամբ մշտապես ճոճվում են: Օրինակ՝ երկնաքերներին կարող են ստիպել ճոճվել մոտակայքում կատարվող շինարարական աշխատանքները կամ շենքին մոտ երթեւեկող գնացքները: Ուժեղ քամին նույնպես բարձրահարկերին ստիպում է ճոճվել եւ վիբրացիայի ենթարկվել: 1970-ական թվականներից շենքերի հենածածկերն ավելի բարակ են դարձել, իսկ սյուների միջեւ տարածությունը մեծացել է: Դա նշանակում է, որ նոր շենքերը չեն կարող առաջացող վիբրացիան այնպես մարել, ինչպես դա արել են հին շենքերը:

«Ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են բնակվում եւ աշխատում բարձրահարկերում, սակայն վատ են հասկանում, թե վիբրացիան իրենց վրա որքանով է ազդում»,- ասել է Էքսեթերի համալսարանի վիբրոինժեներիայի պրոֆեսոր Ալեքս Փավիչը:

«Մենք ենթադրում ենք, որ հետազոտական խմբի այս աշխատանքը էական ազդեցություն կունենա կառույցների նախագծման վրա, որոնցում բնահողի վիբրացիան եւ շենքի շարժումը առանցքային խնդիրներ են»,- նշել է WSP Parsons Brinckerhof-ի տնօրեն Քրիս Փեմբրիջը:

Բարձրահարկ շենքերի վիբրացիայի ազդեցության հարցերով համաշխարհային հեղինակություն, պրոֆեսոր Քեննիք Քվոքը նշել է, որ հետազոտության արդյունքները կօգնեն շենքերի ճոճման մակարդակի ստանդարտներ հաստատել:



© NEWS.am Medicine