Մրգերը եւ բանջարեղենը ծխողներին կարող են պաշտպանել թոքերի օբստրուկտիվ քրոնիկական հիվանդությունից

22:38   20 մարտի, 2017

Ծխողները պետք է բանջարեղեն եւ մրգեր ավելի շատ ուտեն թոքերի օբստրուկտիվ քրոնիկական հիվանդությունից մահվան հավանականությունը նվազեցնելու համար: Շաբաթական 5 օր այս մթերքների օգտագործումը տվյալ հիվանդության առաջացման հավանականությունը 40 տոկոսով նվազեցնում է, հայտնում է The Daily Mail-ը: Իսկ բանջարեղենի կամ մրգերի յուրաքանչյուր լրացուցիչ չափաբաժինը հավանականությունը նվազեցնում է եւս 8 տոկոսով:

«Բոլոր նախկին եւ ներկայիս ծխողները պետք է առավելագույն քանակով բանջարեղեն եւ մրգեր ուտեն»,- նշել է  Thorax magazine-ում հրապարակված հետազոտության առաջատար հեղինակ Ջոաննա Քալուզան:

Շվեդիայի Ստոկհոլմի Թագավորական ինստիտուտի մասնագետները վերլուծել են տարեց եւ միջին տարիքի 44 հազար 335 տղամարդու տվյալները: Մասնակիցներից ոչ մեկը հետազոտության մեջ ընդգրկվելիս թոքերի օբստրուկտիվ քրոնիկական հիվանդությամբ չի տառապել: Գիտնականները նրանց հետեւել են 1998-ից մինչեւ 2012 թվականը: Տղամարդկանց  գրեթե 2/3-ը եղել է նախկի կամ ակտիվ ծխող: Հետազոտության ընթացքում 1918 տղամարդու մոտ թոքերի հիվանդություններ են առաջացել:

Ծխողների շրջանում այն մասնակիցների մոտ, որոնք օրական միջինը 5 եւ ավելի չափաբաժին բանջարեղեն եւ միրգ են կերել, թոքերի օբստրուկտիվ քրոնիկական հիվանդության առաջացման հավանականությունը 40 տոկոսով պակաս է եղել, քան այն մասնակիցների մոտ, որոնք 2 եւ ավելի քիչ չափաբաժին են կերել: Բույսերով հարուստ սննդակարգը դրական է ազդել ոչ միայն թոքերի, այլեւ սիրտ-անոթային համակարգի առողջության վրա: Կանաչեղեն օգտագործող նախկին ծխողների շրջանում թոքերի օբստրուկտիվ քրոնիկական հիվանդության առաջացման հավանականությունը նվազել է 34 տոկոսով: Յուրաքանչյուր լրացուցիչ չափաբաժինը հվանդության առաջացման հավանականության նվազման եւս 4 տոկոս է ապահովել (8 տոկոս ծխողների շրջանում):

Հետազոտողներն առավել արդյունավետ «պաշտպաններ» են համարում խնձորը, տանձը եւ տերեւավոր կանաչեղենը: Սննդի օգտագործման եւ թոքերի օբստրուկտիվ քրոնիկական հիվանդության առաջացման հավանականության նվազման միջեւ կապեր են դիտվել հատապտուղների, ցիտրուսայինների, սոխի եւ լոլիկների դեպքում:

Մասնագետները նշել են, որ հակաօքսիդանտները թոքերը պահպանում են թութունի բացասական ազդեցությունից: Սակայն, ինչպես ընդգծել է հետազոտության համահեղինակ, Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի պրոֆեսոր Սաիֆ Շահինը, սննդակարգը չի փրկի ծխելու բոլոր հետեւանքներից:



© NEWS.am Medicine