Հայաստանի հիվանդանոցներում գրիպի բարդություններով 630 հիվանդ կա

13:08   21 մարտի, 2017

2017 թվականի մարտի 20-ի տվյալներով՝ Հայաստանի բոլոր հիվանդանոցներում գրիպի եւ շնչուղիների սուր վիրուսային ինֆեկցիաների հետեւանքով տարբեր բարդություններով 630 հիվանդ կա: Նրանցից 97 տոկոսը երեխաներ են, մեծ մասը մինչեւ 5 տարեկան: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության եւ առանձնապես վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Այսօրվա դրությամբ մանկական հիվանդանոցներում բավական շատ հիվանդներ կան, որոշ հիվանդանոցներում նույնիսկ մահճակալներ են ավելացրել: Մասնագետի խոսքով՝ չնայած այս ամենին, այս տարի երկրում իրավիճակը հանգիստ է, հատկապես անցյալ տարվա համեմատությամբ: Այս սեզոնին պոլիկլինիկա եւ շտապ օգնության ծառայությանը դիմումները, նաեւ հոսպիտալացման դեպքերը 2 անգամ պակաս են, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում:

Լիանա Թորոսյանը նշեց, որ անցյալ տարի երկրում տարածված էր գրիպի A H1 տեսակի վիրուսը: 2016-ի տարեվերջին այն փոխարինվեց A H3 տեսակի վիրուսով, իսկ հիմա՝ В տեսակի վիրուսով: Այս բոլոր վիրուսները միեւնույն ճանապարհով են փոխանցվում, գրեթե միատեսակ են արտահայտվում, իսկ դրանցից յուրաքանչյուրի դեպքում բարդությունների վտանգը կախված է կոնկրետ հիվանդի օրգանիզմից, ռիսկի խմբի մեջ են մտնում երեխաները, հղի կանայք եւ տարեց մարդիկ:

Գրիպի եւ շնչուղիների սուր վիրուսային ինֆեկցիաների սեզոնը կտեւի մինչեւ ապրիլ, ուստի մասնագետը խորհուրդ է տալիս աչալուրջ լինել եւ բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկել վարակվելուց խուսափելու համար՝ հետեւել ձեռքերի հիգիենային, սենյակը հաճախ օդափոխել, տաք հագնվել, չսառել, իսկ հիվանդության առաջին ախտանշանների առաջացման դեպքում աշխատանքի եւ դպրոց չգնալ, չզբաղվել ինքնաբուժմամբ, այլ բժշկի դիմել:



© NEWS.am Medicine