19:34 21 մարտի, 2017Գրիպով վարակված հղի կանայք ինքնաբուժմամբ չպետք է զբաղվեն, քանի որ դա կարող է վնաս պատճառել նրանց եւ ապագա երեխայի առողջությանը: Գրիպի առաջին իսկ ախտանշանների երեւան գալու դեպքում ցանկալի է դիմել գինեկոլոգ մանկաբարձին, որը հետեւում է հղիության ընթացքին՝ նա կկարողանա գնահատել հիվանդի վիճակը եւ որոշել՝ նա բուժման կարի՞ք ունի, եթե այո, ապա՝ ինչպիսի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության եւ առանձնապես վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Մասնագետի խոսքով՝ գրիպի վիրուսն առանձնապես վտանգավոր է հղիության առաջին եւ երրորդ ամսում, եւ չնայած այն չի կարող այնպիսի ծանր հետեւանքներ առաջացնել, ինչպես, օրինակ, Զիկա վիրուսը, միեւնույն է, հղիներին խորհուրդ է տրվում վիրուսից խուսափել, իսկ վարակվելու դեպքում ճիշտ, գրագետ բուժում ստանալ, որը կկանխի բարդությունները ինչպես իր՝ կնոջ, այնպես էլ պտղի համար: Հղիներին խորհուրդ չի տրվում ինքնուրույն, առանց բժշկի հետ խորհրդակցելու դեղեր ընդունել, քանի որ շատ դեղեր կարող են նրանց հակացուցված լինել:
Գրիպի հիմնական ախտանշաններն են՝ բարձր ջերմությունը, դողը, հոդերում ցավը, ջարդվածության զգացումը, գլխապտույտը: Հարկ է նշել, որ հարբուխն ավելի հատուկ է շնչուղիների սուր վիրուսային սովորական ինֆեկցիաներին, այլ ոչ թե գրիպին: Այսպիսի ախտանշանների դեպքում հղի կանանց խորհուրդ է տրվում աշխատանքի չգնալ եւ հնարավորինս շտապ բժշկի դիմել:
Լիանա Թորոսյանը հիշեցրեց, որ գրիպի եւ շնչուղիների սուր վիրուսային ինֆեկցիաների սեզոնը սովորաբար մինչեւ ապրիլ է տեւում, ինչը նշանակում է, որ դեռեւս վաղ է հանգստանալը: Հղի կանանց եւ ռիսկի մյուս խմբերի մեջ մտնող մարդկանց մասնագետը խորհուրդ է տալիս զգուշություն դրսեւորել, որպեսզի գրիպով չվարակվեն: Ցանկալի է սենյակներն ավելի հաճախ օդափոխել, ինտերիերի բոլոր առարկաներն ավելի հաճախ մաքրել թաց լաթով, ձեռքերը հաճախ լվանալ: Հասարակական տրանսպորտում կարելի է բժշկական մեկանգամյա օգտագործման դիմակներ հագնել, սակայն փողոցում այն հագնելն անիմաստ է: Վերջիվերջո՝ եթե մոտակայքում հիվանդ մարդիկ կան, ցանկալի է նրանցից առնվազն 2 մետր հեռավորություն պահպանել: