Լուսաֆիլտրով ակնոցը մարդկանց կօգնի ավելի մեծ թվով գույներ տարբերակել

11:53   23 մարտի, 2017

Ամերիկացի գիտնականները հատուկ ակնոց են ստեղծել, որի միջոցով մարդու աչքն ավելի մեծ թվով գուներանգներ է տեսնում: Հետազոտության վերաբերյալ հաշվետվությունը հրապարակվել է Քոռնելի համալսարանի գրադարանի կայքում:

Մարդու գունային տեսողությունը հենվում է երեք զգայուն պիգմենտի վրա, որոնք տարբերակում են սպեկտրի օպտիկական հատվածի կարճ (կապույտ), միջին (կանաչ) եւ երկար (կարմիր) ալիքները: Որոշ կենդանիներ կարող են նման 4 պիգմենտ ունենալ՝ նրանց տալով քառաքրոմատիկ տեսողություն, եւ նույնիսկ տասնյակից ավելի, որը նրանց թույլ է տալիս ահռելի քանակով երանգներ տարբերակել:

Մադիսոնի Վիսքոնսինի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր Միխաիլ Կացը եւ նրա գործընկերները որոշել են պարզել, թե ինչպես կարելի է օգտագործել մեր երկակնյա տեսողության առանձնահատկությունները, որպեսզի քառաքրոմատիկության պատրանք ստեղծվի: Նրանց ենթադրությամբ՝ եթե յուրաքանչյուր աչքը ստանա սպեկտրի փոքր-ինչ ավելի լավ պատկեր, ապա դա ուղեղին թույլ կտա ավելի մեծ թվով երանգներ եւ կիսաերանգներ տարբերակել:

Այս նպատակով նրանք ակնոց են ստեղծել, որոնք յուրաքանչյուր աչքի համար տարբեր կապույտ լուսաֆլտրեր են օգտագործում: Դրանց համար ալիքների աշխատանքային երկարությունն ընտրվել է հաշվի առնելով մեր ցանցաթաղանթի կապույտ պիգմենտների զգայունության միջակայքերը: Կամավորները, որոնք համակարգչի կամ սմարթֆոնի էկրանին թեթեւակիորեն տարբերվող երանգի հատվածները տարբերակելուն անընդունակ էին, ակնոցը հագնելով՝ հեշտությամբ տեսել են դրանց միջեւ եղած տարբերությունները: Եվ հակառակը՝ հենց այն հանել են, գույները կրկին միաձուլվել են, եւ դրանց միջեւ սահմանն աչքին անտեսանելի է դարձել:

Հեղինակները նշել են, որ լուսաֆիլտրերի ոչ այնքան մեծ տարբերությունը թույլ է տվել հասնել գունային տեսողության ուժեղացման՝ կամավորներին որեւէ անհարմարավետություն չպատճառելով: Անսովոր տեխնոլոգիան կարող է կիրառվել ոչ միայն զվարճությունների ինդուստրիայում: Գունային տեսողության լրացուցիչ հնարավորությունները հետազոտողներին կօգնեն ուսումնասիրել արբանյակային լուսակարները, գանձապահներին՝ արագ հայտնաբերել թղթադրամների թաքնված պաշտպանական տարրերը, զինվորականներին՝ գտնել լավ քողարկված հակառակորդին:



© NEWS.am Medicine