Գիտնականները խելացի հաբ-ջերմաչափ են ստեղծել

22:48   24 մարտի, 2017

Ֆրանսիական BodyCap ընկերությունը ներկայացրել է e-Celsius գաջեթը, որի շնորհիվ կարելի է հրաժարվել բժշկական ջերմաչափերից:

Այն նման է սովորական պարկուճային հաբի, բայց իրականում անլար էլեկտրոնային սարք է: Հիվանդը պարկուճը կուլ է տալիս, եւ այն 3 օր շարունակ՝ 1 րոպեում 2 անգամ հաճախականությամբ օրգանիզմի ջերմության տվյալներն է հաղորդում:

Հայտնագործության հեղինակների խոսքով՝ դեղահաբ-ջերմաչափը թույլ է տալիս օրգանիզմի ջերմությունն ավելի ճշգրիտ չափել: Իսկ քանի որ տվյալները մշտապես են ստացվում, կարելի է ցուցանիշ հանձնարարել, որի դեպքում տագնապի ազդանշան կհնչի: Բժիշկները նշում են, որ սարքը հատկապես կարեւոր է, երբ փոխպատվաստման վիրահատություններից հետո, ինֆեկցիոն, օնկոլոգիական հիվանդությունները բուժելիս գոյություն ունի բորբոքային պրոցեսների վտանգ:

Շատ դեպքերում բուժման արդյունավետությունը կախված է այն հանգամանքից, թե բժիշկները որքանով են արագ հայտնաբերում հիվանդի օրգանիզմի փոփոխության ախտանշանները: Հաբ-ջերմաչափը օգնում է այս խնդրի լուծմանը: Այն թանկ չէ՝ արժե 35-ից մինչեւ 52 եվրո:



© NEWS.am Medicine