Հղիության վաղ շրջանում ճարպակալումը երեխաների շրջանում մեծացնում է ուղեղի մանկական կաթվածի հաճախականությունը

23:46   27 մարտի, 2017

Հղիության վաղ շրջանում ավելորդ քաշը կամ ճարպակալումը կապված է երեխաների շրջանում ուղեղի մանկական կաթվածի հաճախականության մեծացման հետ: Այս մասին նշված է JAMA ամսագրում հրապարակված հոդվածում:

Էդուարդո Վիլյամորը հետազոտություն է իրականացրել, որին մասնակցել են շվեդուհիներ, որոնք երեխաներ են լույս աշխարհ բերել 1997-ից մինչեւ 2011 թվականները:

Հետազոտության ընթացքում, որը տեւել է 7,8 տարի, ծնված 1,423,929 երեխաներից 3029-ի մոտ  ուղեղի մանկական կաթված է ախտորոշվել: Տվյալների վերլուծությամբ պարզվել է, որ մոր ավելորդ քաշը (մարմնի զանգվածի 25-ից մինչեւ 29,9 ինդեքս) եւ ճարպակալումը (մարմնի զանգվածի 30-ից բարձր ինդեքս) կապված էին ուղեղի մանկական կաթվածի հաճախականության մեծացման հետ:

Հետազոտության արդյունքներով կապ է հայտնաբերվել մոր մարմնի զանգվածի ինդեքսի եւ երեխաների շրջանում ուղեղի մանկական կաթվածի հաճախականության միջեւ, որը կապված է նորածինների մոտ ասֆիքսիայի հետ:

Հեղինակները նշել են, որ ուղեղի կաթվածի վրա մայրական ճարպակալման ազդեցությունը կարող է փոքր թվալ վտանգի այլ գործոնների համեմատությամբ: Սակայն աշխարհում մարմնի զանգվածի 35-ից բարձր ինդեքս ունեցող կանանց թիվը 2000-ից 2010 թվականների ընթացքում կրկնապատկվել է: Միացյալ Նահանգներում հղի կանանց գրեթե կեսը նախածնական առաջին հաճախումների ժամանակ տառապում է ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ: Հաշվի առնելով ճարպակալման մեծ տարածվածությունը՝ այն կարող է հասարակական առողջապահության համար ծանր հետեւանքներ ունենալ:

Չնայած մանկաբարձական եւ նեոնանտալ օգնության հաջողություններին, 1998 թվականից մինչեւ 2006 թվականը երեխաների շրջանում ուղեղի մանկական կաթվածի տարածվածությունն աճել է: Հայտնի են մի քանի կանխվող գործոններ, որոնք ազդում են ուղեղի մանկական կաթվածի առաջացման հավանականության վրա՝ մոր ավելորդ քաշը եւ ճարպակալումը, վաղաժամ ծննդաբերությունը, նորածինների ասֆիքսիան, զարգացման բնածին արատները:



© NEWS.am Medicine