Աֆրիկյան «մենինգիտի գոտում» 140 նոր մահ է արձանագրվել

11:46   29 մարտի, 2017

Նիգերիայում մենինգիտի բռնկման հետեւանքով 140 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով երկրի իշխանություններին:

Վերջին շաբաթվա ընթացքում վեց նահանգներում հազար հիվանդի են բացահայտել:

Տեղի իշխանությունները մտավախություն ունեն, որ հիվանդացածության հետ կապված իրավիճակը կարող է վերջնականապես դուրս գալ վերահսկողությունից, եթե մենինգիտը սկսի տարածվել փախստականների ճամբարներում եւ բանտերում:

Մենինգիտի որոշ ձեւերի դեմ պատվաստանյութ գոյություն ունի, բայց մասնագետները չեն բացառում, որ Նիգերիայում շտամ է տարածվում, որի դեմ տեղի առողջապահության նախարարության ունեցած պատվաստանյութերն անզոր են:

Հիվանդության այժմյան բռնկումը բացատրում են գիշերային ցրտերով, չոր եւ քամոտ եղանակով: Բացի այդ՝ իրադրությունը բարդանում է երկրի յուրահատուկ կրոնական ավանդույթների, գերբնակեցման եւ վատ սանիտարական իրավիճակի պատճառով:

Նիգերիան գտնվում է Աֆրիկայի, այսպես կոչված, «մենինգիտի գոտում»: Հիվանդության բռնկումը 2009 թվականին 156 մարդու կյանք է խլել:



© NEWS.am Medicine