Նիհարելու համար ամենեւին էլ պարտադիր չէ կալորիաներ հաշվել. գիտնականներ

20:58   29 մարտի, 2017

Հաջողությամբ նիհարելու համար պարտադիր չէ կալորիաները հաշվել. ճիշտ սնվելու դեպքում կարելի է ցանկացած քանակությամբ սնունդ օգտագործել եւ միաժամանակ քաշ կորցնել: Նման եզրահանգման են եղել Նոր Զելանդիայի Royal New Zealand College of General Practice-ի գիտնականները:

Նրանց հետազոտությանը 33 մարդ է մասնակցել, որոնց խնդրել են 12 շաբաթ շարունակ կալորիաներ չհաշվել եւ չավելացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Հետազոտության ընթացքում մասնակիցները բուսական դիետայի են հետեւել՝ առանց վերամշակված մթերքների: Կամավորները միրգ, բանջարեղեն, լոբազգիներ, հատիկավորներ եւ սոյա են օգտագործել: Իսկ ահա ճարպերով հագեցած մթերքներից, նույնիսկ «օգտակար» ճարպերով (ավոկադո, ընկուզեղեն), խնդրել են առավելագույնս հրաժարվել: Նրանք նաեւ խոհարարական դասընթացների են մասնակցել եւ սովորել են ավելի օգտակար սնունդ պատրաստել:

Ծրագրի ավարտից 6 ամիս անց կամավորները շուրջ 12.1 կգ են կորցրել: Նրանց ինքնագնահատականը բարձրացել է, բարելավվել են խոհարարական ունակությունները: Բացի այդ՝ նվազել է նրանց խոլեստերինի մակարդակը: Բուսական դիետան նաեւ օգնել է կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, շագանակագեղձի քաղցկեղի դեպքում նվազեցրել է հատուկ հակամարմնի մակարդակը:

12 շաբաթյա ծրագրի ավարտից հետո փորձի մասնակիցները մեկ տարվա ընթացքում միջինն ավելի քան 10 կիլոգրամ են կորցրել, ընդ որում՝ նրանց մեծ մասին հաջողվել է պահպանել այդ քաշը:



© NEWS.am Medicine