Կաթվածահարված մարդը սկսել է ձեռքը կառավարել մտքի ուժով

10:49   30 մարտի, 2017

Նոր տեխնոլոգիայի շնորհիվ լիովին կաթվածահարված տղամարդը սկսել է մտքի ուժով ձեռքը կառավարել:

Նա պատմության մեջ առաջին լիովին կաթվածահարված մարդն է, որի վերջույթի շարժունակությունը մասամբ վերականգնվել է ուղեղի եւ մկանների միջեւ ուղիղ կապի սարքի օգնությամբ…

Օհայոյից 56-ամյա Բիլ Քոչեւարը, որը նախկին հեծանվորդ է, ճանապարհային պատահարի հետեւանքով զրկվել է պարանոցից ներքեւ ամբողջ մարմնի կառավարումից եւ լիովին կաթվածահարվել է: Սակայն հիմա նա կարող է սուրճ խմել, ինքնուրույն ուտել սիրած պանրով մակարոնը եւ կարտոֆիլի խյուսը: Վերջապես` Բիլը կարող է քորել իր քիթը, որի մասին նա երազել է ամբողջ 8 երկարուձիգ տարիներ:

Բիլն առաջին հիվանդներից մեկն է, ում դեւայս են տեղադրել, որը մտքերը «կարդում» է եւ այն համակարգչին ուղարկում: Այնտեղ դրանք փոխարկվում են էլեկտրոնային խթանիչների, որոնք էլեկտրոդների միջոցով ուղարկվում են նրա կաթվածահարված ձեռքի մկաններին: Այս ամենը հիվանդին հնարավորություն է տալիս ձեռքով տարբեր իրեր բռնել:

Նա պատմության մեջ առաջին լիովին կաթվածահարված մարդն է, որի վերջույթի շարժունակությունը մասամբ վերականգնվել է ուղեղի եւ մկանների միջեւ ուղիղ կապի սարքի օգնությամբ: Դեւայսը ստեղծել է Case Western Reserve University-ի գիտնականների խումբը: Չափերով մանկական ասպիրինի հաբից ոչ մեծ էլեկտրոդների երկու խուրձը տեղադրված է Բիլի ուղեղի մակերեւույթին` ազդանշանների գրանցման համար: Այնուհետեւ դրանք համակարգչի մեջ են հայտնվում, որը դրանք փոխարկում է էլեկտրական խթանիչների:

Ձեռքով կառավարում են 36 էլեկտրոդներ, նաեւ վերջույթը բարձրացնելու համար շարժական համակարգը, որն օգնում է հաղթահարել գրավիտացիայի ուժը: Մարզումների 45 շաբաթվա ընթացքում տղամարդն իր աջ ձեռքի յուրաքանչյուր հոդը սովորել է շարժել ուղղակի մտքի ուժով:

 



© NEWS.am Medicine