Ինչո՞ւ չարժե պատրաստել ըստ խոհանոցային գրքերի բաղադրատոմսերի

22:17   30 մարտի, 2017

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները խորհուրդ չեն տալիս ճաշատեսակներ պատրաստել ըստ խոհանոցային գրքերի բաղադրատոմսերի: Նրանց խոսքով` հայտնի խոհանոցային գրքերում գրեթե տեղեկություն չկա այն մասին, թե ճաշատեսակն ինչպես անվտանգ դարձնել եւ նվազեցնել սննդային թունավորումների հավանականությունը` հատկապես, երբ խոսքը մսամթերքներով ճաշատեսակների մասին է:

Մասնագետները վերլուծել են խոհանոցային 29 գրքերի 1497 բաղադրատոմսեր: Բոլոր բաղադրատոմսերը պարունակել են կենդանական ծագմամբ հում մթերքների մշակում, ինչպիսին են միսը եւ ձուն: Գիտնականները բաղադրատոմսերում տեղեկություններ են փնտրել ջերմության մասին, մինչեւ որը պետք է եփել ճաշատեսակը, ինչպես նաեւ ճաշատեսակի եփված լինելու մասին առասպելները (օրինակ` թռչնի միսը պետք է եփել մինչեւ թափանցիկ հյութի հայտնվելը):

Հետազոտությամբ պարզվել է, որ միայն 127 բաղադրատոմսում է (8 տոկոս) հիշատակվել ճաշատեսակի ներքին ջերմաստիճանի մասին: Սակայն դրանցից միայն 89-ում է ջերմաստիճանի մասին տեղեկությունը հավաստի եղել եւ օգնել նվազեցնել սննդային թունավորման հավանականությունը: Դրանից բացի, բաղադրատոմսերի 99,7 տոկոսում մասնագետները ճաշատեսակի եփված լինելու սուբյեկտիվ ցուցանիշներ են հայտնաբերել: Դրանցից ոչ մեկը չի արտացոլել իրականությունը, եւ այս խորհուրդներին հետեւող մարդիկ կարող էին հեշտությամբ թունավորվել:

Նման ցուցանիշներից ամենատարածվածը եփելու ժամանակն է: Հետազոտողները այն հայտնաբերել են բաղադրատոմսերի 44 տոկոսում: Մի քանի խոհանոցային բաղադրատոմսերի հեղինակները նաեւ խորհուրդ են տվել եփված լինելը որոշել մսի գույնով եւ կազմվածքով: Որոշ բաղադրատոմսերում եղել են լղոզված ձեւակերպումներ, օրինակ` «Պատրաստել մինչեւ եփվելը»: Գիտնականների խոսքով` այս բաղադրատոմսերին եւ խորհուրդներին հետեւող մարդիկ կարող են պատրաստել առողջության համար վտանգավոր ճաշատեսակներ` վատ եփված մսով եւ միկրոօրգանիզմներով, որոնք կարող են ինֆեկցիոն հիվանդություններ առաջացնել:



© NEWS.am Medicine