Վաղն իսկ կրծքագեղձի հետազոտություն անցնելու 3 պատճառ

17:24   30 մարտի, 2017

Ինչպես շատ այլ հիվանդություններ, կրծքագեղձի քաղցկեղը հեշտ է բուժվում, եթե հայտնաբերվում է վաղ փուլում: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում  Europa Donna Armenia բարեգործական կազմակերպության ղեկավար Նվարդ Քոչարյանը նշեց, որ սկսվող քաղցկեղը կարելի է հայտնաբերել կանխարգելիչ հետազոտության ընթացքում, երբ դեռեւս հիվանդության ոչ մի ախտանշան չկա: Եթե հիվանդությունը հայտնաբերվի ամենավաղ փուլում, կինը լիովին առողջանալու բոլոր հնարավորությունները կունենա:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վաղն իսկ բժշկի գնալու եւ կրծքագեղձերը հետազոտելու մի քանի պատճառներ:

1. Տարիքը եւ սեռը

Բոլոր աղջիկներին եւ կանանց, ովքեր կրծքագեղձեր ունեն, խորհուրդ է տրվում տարեկան մեկ անգամ կանխարգելիչ հետազոտություններ անցնել` անկախ տարիքից եւ անհանգստացնող ախտանշանների առկայությունից/բացակայությունից:

Մինչեւ 45 տարեկան աղջիկներին եւ կանանց խորհուրդ է տրվում տարեկան մեկ անգամ ուլտրաձայնային հետազոտություն անցնել, իսկ 45 տարեկանից մեծ կանանց` մամոգրաֆիական: Այս հետազոտությունները կանանց առողջությանը վտանգ չեն սպառնում եւ կարող են օգնել հայտնաբերել փոքր ուռուցքները, որոնք դեռեւս չեն շոշափվում:

Նշենք, որ մամոգրաֆիայի կատարումը սովորաբար խորհուրդ է տրվում դաշտանային շրջափուլի 6-12-րդ օրը, իսկ ուլտրաձայնային հետազոտությունը` 4-րդից մինչեւ 11-րդ օրը:

2. Կրծքի վրա տարօրինակ գոյացություն, որը շոշափվում է

Եթե ձեր կրծքի վրա գոյացություն կամ կոշտացում եք շոշափում, ցանկալի է բժշկին այցը չհետաձգել: Բնականաբար, ոչ բոլոր գոյացություններն են չարորակ, սակայն ավելորդ զգուշավորությունը երբեք վնասակար չէ:

Անչափ կարեւոր է չուշացնել մամոլոգի մոտ այցը, եթե հայտնաբերել եք կրծքագեղձերի անհամաչափություն, որը նախկինում չի եղել, թեւատակերի ավշահանգույցների մեծացում, պտուկի ներձգում կամ պտուկից արտադրություն (անգույն, արնագույն կամ դեղնավուն):

3. Ժառանգականությունը

Եթե կնոջ ընտանիքում, օրինակ` մոր, տատիկի կամ քրոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ է առաջացել, բացառված չէ, որ նա ժառանգել է այս հիվանդության նկատմամբ հակվածությունը: Բնականաբար, եթե ձեզ մոտ նույնիսկ BRCA1 եւ BRCA2 գեների «վտանգավոր» փոխակերպումներ կան, դա դեռեւս չի նշանակում, որ ձեզ մոտ անպայման քաղցկեղ կառաջանա: Այդուհանդերձ, զգուշավորությունը եւ կանխարգելիչ հետազոտությունը երբեք ավելորդ չեն լինի:

Հիշեցնենք, որ այսօր` Մարտի 30-ին, ժամը 19.00-ին Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում տեղի կունենա «Դու մենակ չես» բարեգործական համերգը, որի հասույթը կտրամադրվի Հայաստանի սահմանամերձ գյուղերի` կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ բնակչուհիների բուժմանը:

Նվարդ Քոչարյանը նշեց, որ միջոցառման նպատակը ոչ միայն բուժման համար դրամահավաք կատարելն է, այլ նաեւ եւս մեկ անգամ այս խնդրի նկատմամբ ուշադրության գրավումը` ընդգծելով կանխարգելիչ հետազոտությունների եւ վաղ ախտորոշման կարեւորությունը:



© NEWS.am Medicine