Գիտնականները լեղաքարային հիվանդության կանխարգելման եւ բուժման հեռանկարային մեթոդ են հայտնաբերել

13:41   3 ապրիլի, 2017

Գիտնականները հայտնաբերել են լեղաքարային հիվանդության կանխարգելման եւ բուժման հեռանկարային մեթոդը: Այն լեղիի արտադրումը նվազեցնում է լյարդի եւ բարակ աղիի հյուսվածքներում առկա ռեցեպտորների ակտիվացման հաշվին: Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Pathology գիտական ամսագրում:

«Լեղաքարային հիվանդությունը գաստրոէնթերոլոգիական տարածված հիվանդություններից մեկն է: Մեր հետազոտությամբ պարզվել է, որ անդրոստան ռեցեպտորը կարեւոր դեր ունի խոլեստերինի եւ եռագլիցերիդների մակարդակի հոմեոստազի պահպանման համար, որի ակտիվացումը կարող է հիվանդության բուժման նոր մոտեցում լինել»,- պարզաբանել է Չինաստանից առաջատար հետազոտող Ձինհան Հեն:

Անդրոստան ռեցեպտորի ակտիվացումը փոխում է լեղապարկի եւ լյարդային լեղիի հակալիտոգենեզային կենսաքիմիական կազմը:

Հետազոտողները 2 շաբաթ շարունակ ամեն շաբաթ մկներին դեղեր են ներարկել, որոնք խթանում են ռեցեպտորի ակտիվությունը, մկների մյուս խմբին ստուգող ներարկումներ են կատարել: Բոլոր մկները կամ ստանդարտ սննդակարգով են սնվել, կամ խոլեստերինի եւ ճարպի (լիտոգենային) մեծ պարունակությամբ, որը լեղաքարեր է առաջացնում:

Գիտնականները պարզել են, որ մկների 94,7 տոկոսի մոտ, որոնք անդրոստան ռեցեպտորի խթանիչ չեն ստացել, լեղաքարեր են առաջացել՝ 33,3 տոկոսի համեմատությամբ, որոնց լիտոգենային սննդակարգով կերակրելիս խթանիչ են տվել: Հյուսվածքի մանրադիտակային հետազոտությամբ զարմանալի տարբերություններ են հայտնաբերվել: Խթանիչ չստացած մկների լեղապարկը քարերով լեցուն էր, որոնք կազմված էին խոլեստերինի ագրեգատացած բյուրեղներից: Խթանիչ ստացած մկների լեղին թափանցիկ էր եւ խոլեստերինի նստվածք չուներ: Լիտոգենային սննդակարգի 2 շաբաթից հետո ստուգող խմբի մկների լեղապարկի պատերին հայտնաբերվել են բորբոքման նշաններ, որոնք նկատելի չէին բուժում ստացածների խմբում:

Ռեցեպտորի խթանումը նաեւ խոլեստերինն արագ վերափոխել է լեղաթթվի եւ մեծացրել է լեղաթթվի ռեսորբցիան:

Լեղաքարերն ավելի հաճախ են առաջանում, երբ լեղիում ավելցուկային խոլեստերինը հայտնվում է կոշտ բյուրեղների ձեւով, որոնք հետո ի մի են հավաքվում եւ քարեր ձեւավորում: Կանանց շրջանում լեղաքարերի առաջացումը հաճախ կապում են բարձրկալորիական սննդակարգերի, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, մետաբոլիկ համախտանիշի, լիպիդային փոխանակության խանգարումների եւ ճարպակալման հետ: Չնայած մարդկանց մեծ մասը լեղաքարային հիվանդության ախտանշաններ չունի, նրանց մոտ 20 տոկոսը բողոքում է անհարմարավետությունից եւ կրկնվող ցավերից: Լեղաքարերի հնարավոր բարդությունը պանկրեատիտն է կամ խոլեցիստիտը: Ներկայումս կիրառվում է լեղապարկի հեռացում:

Չնայած վիրաբուժական միջամտությունը քիչ ինվազիվային է (լապարոսկոպիական մեթոդներ), վիրահատությունը կողմնակի էֆեկտների առաջացման հավանականություն ունի եւ թանկ արժե: Լեղաքարերը կարելի է բուժել նաեւ առանց վիրաբուժական միջամտության (օրինակ՝ ուրսոդեզօքսիխոլատի կամ լիտոտրիպսի միջոցով հալեցման), սակայն այս մեթոդներն իրենց թերություններն ունեն: Օրինակ՝ քարերի հալեցումը հարմար է ախտանշաններ ունեցող հիվանդների փոքր մասի համար եւ կարող է շատ ժամանակ պահանջել:



© NEWS.am Medicine