Էքսպրես-թեստը թույլ կտա 60 րոպեում որոշել գրիպի վիրուսը

15:16   6 ապրիլի, 2017

Մեծ Բրիտանիայի Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները թեստ են մշակել թքի քսուքի հիմքով, որի օգնությամբ հնարավոր է մեկ ժամում գրիպն ախտորոշել:

Դրա օգնությամբ կարելի է յուրահատուկ վիրուսներն առանձնացնել եւ 60 րոպեի ընթացքում սկսել ճիշտ բուժումը: Ներկայումս գրիպի վիրուսի տեսակի ճշգրիտ որոշման համար առնվազն մեկ շաբաթ է պահանջվում: Իսկ սա նշանակում է, որ հարյուր հազարավոր հիվանդներ միանգամայն իզուր են հակաբիոտիկներ ստանում՝ դրանով իսկ խորացնելով հակաբիոտիկառեզիստենտության ճգնաժամը: Սա նաեւ նշանակում է, որ առավել խոցելի հիվանդները, որոնք տառապում են ծանր գրիպով եւ հակավիրուսային դեղամիջոցների օգտագործման կարիք ունեն, այն ժամանակին չեն ստանում:

«Թեստի իմ տարբերակը շնչառական սուր խանգարումներով հիվանդանոց այցելող ցանկացած մարդու թույլ է տալիս 60 րոպեում անալիզն անցնել: Այն անմիջապես հայտնում է, թե մարդու մոտ գրիպի ինչ վիրուս է: Օրինակ՝ եթե նա գրիպի այնպիսի տեսակով է հիվանդացել, որը կարելի է մեկուսացնել, ապա հիվանդն անհապաղ հակավիրուսային դեղեր կստանա»,- ասել է թեստի հեղինակ բժիշկ Տրիսթան Քլարքը:

Գիտնականի կարծիքով՝ թեստը կարեւոր նշանակություն կունենա հակաբիոտիկառեզիստենտության դեմ պայքարում: Հակաբիոտիկներն արդյունավետ են բացառապես բակտերիալ ինֆեկցիաները բուժելիս, բայց ոչ այն վիրուսները, որոնք մրսածություն կամ գրիպ են առաջացնում: Այդուհանդերձ, բժիշկները հիվանդներին հակաբիոտիկներ են նշանակում համենայնդեպս այն պահին, երբ ինֆեկցիայի տարատեսակը դեռեւս անհնար է որոշել: Գրիպը ամենատարածված վիրուսային հիվանդություններից մեկն է, սակայն գիտությունը չի կարողանում այս հիվանդության դեմ արդյունավետ պատվաստանյութ ստեղծել, քանի որ վիրուսի շտամները մշտապես փոխակերպվում են:



© NEWS.am Medicine