5 առասպել պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի մասին

21:39   8 ապրիլի, 2017

Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի (ՊԿՁՀ) մասին, հավանաբար, բոլորն են լսել, բայց այդ խնդրի մասին հավաստի տեղեկատվություն համացանցում քիչ կա: Մեծ Բրիտանիայից գինեկոլոգները հերքել են խնդրի մասին հինգ ամենատարածված առասպելները:

Առասպել 1. Դիաբետը կարող է ՊԿՁՀ-ի պատճառ դառնալ

Քանի որ ՊԿՁՀ-ն կապված է հորմոնալ փոփոխությունների հետ, այն նաեւ մեծացնում է 2-րդ տիպի դիաբետի զարգացման վտանգը: Բացի այդ, եթե ՊԿՁՀ-ի հետ միասին նաեւ ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեք, դիաբետի առաջացման հավանականությունը մեծանում է: Այսպիսով, ՊԿՁՀ-ի դեպքում կնոջ մոտ կարող է դիաբետ առաջանալ, բայց դիաբետը չի կարող հանգեցնել ՊԿՁՀ-ի:

Առասպել 2. Նիհար կանայք ՊԿՁՀ-ի խնդրին չեն բախվում

ՊԿՁՀ-ով կանանց մեծ մասն ավելորդ քաշ եւ ճարպակալում ունի, սակայն սլացիկ  կազմվածքն ամենեւին չի փրկում այս խանգարումից: Սլացիկ կազմվածքով կանայք նույնպես կարող են բախվել ձվարանների պոլիկիստոզի համախտանիշի:

Առասպել 3. ՊԿՁՀ-ն բոլոր կանանց մոտ միանման է արտահայտվում

Իրականում այս համախտանիշի ախտանշանները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում տարբեր են լինում: Տարածված ախտանշաններից են դաշտանային ցիկլի խանգարումները, բայց կանանց մոտ կարող են նաեւ մազերի աննորմալ աճ կամ հորմոնալ այլ փոփոխություններ լինել:

Առասպել 4. ՊԿՁՀ-ով կանայք չեն կարող երեխա ունենալ

Քանի որ ՊԿՁՀ-ն ազդում է ձվազատման պրոցեսի վրա, այն կարող է անպտղության պատճառ դառնալ: Բայց որոշ կանայք, ամեն դեպքում, կարող են հղիանալ, երբեմն նույնիսկ բնական ճանապարհով:

Առասպել 5. ՊԿՁՀ-ն կարելի է բուժել

Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը կարելի է հսկողության տակ պահել, բայց այն անհնար է բուժել: Բուժման տարբերակները կախված են իրավիճակի բարդությունից եւ առողջության հետ կապված այլ խնդիրների առկայությունից/բացակայությունից: Եթե ճարպակալում ունեք, վահանաձեւ գեղձի խնդիր կամ դիաբետ, ապա այդ խանգարումների բուժումը կօգնի վերահսկողության տակ վերցնել նաեւ ՊԿՁՀ-ն:



© NEWS.am Medicine