Օմեգա-3 ճարպաթթուները կարող են օգնել 1-ին տիպի դիաբետի բուժմանը

10:58   12 ապրիլի, 2017

Օմեգա-3 ճարպաթթուները կարող են լավացնել 1-ին տիպի դիաբետ ունեցող հիվանդների վիճակը, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ հետ շրջել հիվանդության զարգացումը: Այս մասին հայտնել են Գուանդունի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները:

Հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են The Journal of Clinical Investigation ամսագրում, գիտնականները ճարպաթթուներ են ավելացրել դիաբետ ունեցող մկների սննդակարգում: Կենդանիների ենթաստամոքսային գեղձի բջիջները չեն կարողացել ինսուլին արտադրել, ինչի հետեւանքով գեղձը դադարել է կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Մկներին սովորական սննդով են կերակրել, ինչպես նաեւ ճարպաթթուներով, այդ թվում՝ օմեգա-3 պարունակող մթերքներով:

Մասնագետները յուրաքանչյուր երեք ամիսը մեկ ստուգել են մկների վիճակը: Օմեգա-3-ի առկայությունը բարելավել է գլյուկոզայի փոխանակության ցուցանիշները, ենթաստամոքսային գեղձի վիճակը, ինչպես նաեւ նվազեցրել բորբոքային ազդանշանային սպիտակուցների կենտրոնացումը: Բացի այդ, օմեգա-3 ստացող մկների մոտ ինսուլին արտազատող բետա-բջիջների արտադրություն է նկատվել:

Գիտնականները նշում են, որ օգտակար ճարպաթթուներ կարելի է ստանալ ծովամթերքից, յուղոտ ձկներից (սաղմոն), սոյայից, ընկույզից, ձկան յուղից, կտավատի ձեթից, սպանախից եւ այլն:



© NEWS.am Medicine