Կինը ողնաշարը կոտրել է 130 կգ բարձրացնելու փորձի պատճառով

18:20   12 ապրիլի, 2017

Հրշեջ աշխատող 31-ամյա Վիկտորյա Գրիֆիթսը երկու ող է կոտրել եւ գոտկատեղից ներքեւ կաթվածահարվել մարզադահլիճում սեփական քաշից 2 անգամ ավելի՝ 130 կգ բարձրացնելու փորձի պատճառով:

Վիկտորյան Չեշիրի 32 կին հրշեջներից մեկն է: Նա ամեն օր մարզադահլիճ է գնացել, որ լավ մարզավիճակում մնա եւ իր աշխատանքը լավ կատարի: Այդ ճակատագրական օրը վարժություններ է կատարել սթեփ հարթակի վրա՝ ուսերին պահելով մոտ 130 կգ-անոց ծանրաձողը: Մեկ սխալ շարժման հետեւանքով նա կռացել է ծանրաձողի ծանրության տակ եւ մեջքում ասես դանակի հարվածի սուր ցավ զգացել:

«Ես ցավից գետնին ընկա, հիշում եմ միայն, որ ինձ մոտ վազեցին մյուս մարդիկ, որոնք խնդրում էին չշարժվել: Իսկ ես կարծես հեղուկ ցեմենտի մեջ լինեի, մարմնիս ստորին հատվածն ասես քարացել էր: Բայց նույնիսկ այդ պահին ես անհանգստանում էի, որ չեմ կարողանալու գալ հրշեջ խմբի մարզումներին: Մտքովս էլ չէր անցնում, որ ողնաշարի կոտրվածք եմ ստացել եւ այլեւս չեմ կարողանալու քայլել»,- հիշում է Վիկտորյան:

Նրան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, որտեղ արտահերթ 4 ժամ տեւած վիրահատության է ենթարկվել: Նրան տիտանե ձողեր են տեղադրել ողնաշարի անշարժացման համար, որից հետո նա 11 օր անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում: Չնայած բժիշկների բոլոր ջանքերին, Վիկտորյան գոտկատեղից ներքեւ զգայունությունից զրկվել է: Բժիշկները չգիտեն՝ արդյոք նա երբեւէ կկարողանա քայլել. Առայժմ նա տեղաշարժվում է հաշմանդամի սայլակով:



© NEWS.am Medicine