Ձեր տան 5 ամենակեղտոտ իրերը

10:46   13 ապրիլի, 2017

Շատերը կարծում են, որ տան ամենակեղտոտ տեղը զուգարանակոնքն է: Սակայն ամենեւին էլ այդպես չէ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տան մի քանի տեղերն ու իրերը, որոնք, բրիտանացի բժիշկների խոսքով, բակտերիաներով լեցուն են եւ կարող են առողջությանը վտանգ ներկայացնել:

Անկողին

Շատ վտանգավոր բակտերիաներ կարող են թաքնվել անկողնում: Ամեն գիշեր մենք մաշկի միլիոնավոր բջիջներ ենք կորցնում, իսկ դա գրավում է փոշու տիզերին: Դրանից բացի, մաշկի բջիջները հրաշալի սնունդ են որոշ բակտերիաների համար: Մասնագետները խորհուրդ են տալիս անկողինը փոխել շաբաթը մեկ անգամ, նաեւ հետեւել ներքնակների վիճակին, որոնք, նրանց խոսքով, 9 տարուց ավելի չի կարելի օգտագործել:

Ատամի խոզանակներ

Ատամի խոզանակները եւս բակտերիաների եւ վիրուսների բնակության վայր են համարվում, ուստի մասնագտները խորհուրդ են տալիս դրանք փոխել գոնե 3 ամիսը մեկ, իսկ յուրաքանչյուր օգտագործումից հետո մանրակրկիտ լվանալ: Սակայն եթե որեւէ ինֆեկցիոն հիվանդություն եք ձեռք բերել, ատամի խոզանակը պետք է փոխել առողջանալուց անմիջապես հետո՝ դրա միջոցով վարակման կրկնումից խուսափելու համար:

Խոհանոցային պարագաներ

Մասնագետները խորհուրդ են տալիս խոհանոցի սրբիչը եւ սպունգները առնվազն շաբաթը մեկ անգամ լվանալ Ցելսիուսի 60 աստիճան ջերմաստիճանի պայմաններում: Որոշ մասնագետներ նույնիսկ խոհանոցային սրբիչը տան ամենակեղտոտ իրն են համարում:

Սառնարան

Մարդկանցից շատերն անգամ չեն կռահում, թե որքան բակտերիաներ եւ վիրուսներ կարելի է գտնել ամենասովորական սառնարանում: Սառնարանի ներսում ջերմաստիճանն այնքան ցածր չէ, որ հիվանդությունների հարուցիչները ողջ չմնան, ուստի սառնարանի մեջ ուտելիքը չպետք է բաց վիճակում դնել: Իսկ սառնարանի ներսը պետք է մաքրել յուրաքանչյուր 3-6 ամիսը մեկ:

Բջջային հեռախոս

Բջջային հեռախոսները եւս մտնում են տան ամենակեղտոտ իրերի թվում: Մենք դրանց ձեռք ենք տալիս կեղտոտ ձեռքերով, դնում ենք կեղտոտ մակերեւույթների վրա, եւ զարմանալի չէ, որ դրանց մակերեւույթին կուտակվում են ախտածին մանրէներ: Մասնագետները խորհուրդ են տալիս հեռախոսների մակերեւույթը որքան հնարավոր է հաճախ սրբել հակաբակտերիալ անձեռոցիկներով:



© NEWS.am Medicine