Թարմ մրգերի ամենօրյա օգտագործումը 12 տոկոսով կրճատում է դիաբետի առաջացման հավանականությունը

11:55   13 ապրիլի, 2017

Թարմ մրգերի ամենօրյա օգտագործումը դիաբետի առաջացման հավանականությունը կրճատում է 12 տոկոսով, պնդում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները: Նախկինում գիտնականները կասկածներ ունեին, որ մրգերը չափից ավելի շատ շաքար են պարունակում, ուստի պիտանի չեն դիաբետի կանխարգելման համար

Օքսֆորդի համալսարանի գիտնականների հետազոտությունները ժխտել են այս կասկածները: Գիտնականներն ապացուցել են, որ մրգերը արյան մեջ շաքարի մակարդակի մեծացում չեն առաջացնում, քանի որ մրգերում պարունակվող գլյուկոզան եւ ֆրուկտոզան մետաբոլիկորեն տարբերվում են ռաֆինացված շաքարից, որը պարունակվում է քաղցրեղենում եւ վերամշակված սննդամթերքում:

Գիտնականների խոսքով՝ ամեն օր թարմ մրգերի օգտագործումը դիաբետի առաջացման հավանականությունը նվազեցնում է նաեւ այն պատճառով, որ մրգերը բջջանյութ եւ վիտամիններ են պարունակում: Սակայն ավելի լավ է ընտրությունը կատարել հօգուտ խնձորի, նարինջի, տանձի եւ հատապտուղների, քանի որ դրանց օգտագործումից հետո արյան մեջ շաքարի մակարդակն ավելի սահուն է բարձրանում՝ բանանի, խաղողի եւ արեւադարձային մրգերի օգտագործման համեմատությամբ:

Հետազոտության ընթացքում գիտնականները հետեւել են Չինաստանի գրեթե կես միլիոն բնակչության առողջությանը: Դիտարկումների մեկնարկի պահին նրանք դիաբետով հիվանդ չէին: Դիտարկումներով, որոնք 7 տարի են տեւել, պարզվել է, որ ամեն օր մրգեր օգտագործող մարդկանց շրջանում դիաբետի առաջացման հավանականությունը 12 տոկոսով ցածր է նրանց համեմատությամբ, ովքեր հազվադեպ կամ ընդհանրապես երբեք մրգեր չեն օգտագործել: Ավելին՝ դիաբետի հետեւանքով մահացությունը թարմ մրգեր օգտագործողների շրջանում 17 տոկոսով ցածր է եղել:

Գիտնականների կարծիքով՝ թարմ մրգերն առողջության համար մեծ թվով առավելություններ ունեն, եւ դիաբետի առաջացման մեծ հավանականություն ունեցող մարդկանց չարժի մրգերից խուսափել: Հավասարակշռված սննդակարգը, որի մեջ մեծ քանակով մրգեր եւ բանջարեղեն են ընդգրկված, ընդհանրապես առողջության համար եւ մասնավորապես՝ 2-րդ տիպի դիաբետի համար օգտակար է: Նշենք, որ դիաբետի այս տեսակը կապված է սննդակարգի եւ կենսակերպի հետ՝ ի տարբերություն 1-ին տիպի դիաբետի, որի դեպքում օրգանիզմի իմունային համակարգը գրոհում է ինսուլին արտադրող բջիջների վրա:



© NEWS.am Medicine