Ինչպիսի՞ վտանգներ են պարունակում կոսմետիկան եւ հիգիենայի պարագաները

13:11   14 ապրիլի, 2017

Եղունգների լաքը, հակաբակտերիալ օճառը, ծերանալը դանդաղեցնող կրեմները եւ խնամքի այլ պարագաներն այնքան էլ անվտանգ չեն, որքան կարող է թվալ. դրանք քիմիական միացություններ են պարունակում, որոնք բացասաբար են ազդում կանանց վերարտադրման վրա: Եվ սա այս արտադրանքի միակ կողմնակի էֆեկտը չէ, պնդում է արտամարմնական բեղմնավորման մասնագետ Սահարիկ  Ահարվալը:

Քիմիական այս նյութերը ներգործում են հորմոնների, մարդու ընդհանուր վերարտադրողական համակարգի վրա: Մասնավորապես՝ այս նյութերի ազդեցությամբ կարող է տուժել ձվարանների աշխատանքը, անպտղություն եւ վիժումներ լինել: Իսկ հակաբակտերիալ օճառն ընդհանրապես կարող է չեզոքացնել բեղմնավորման հավանականությունը, քանի որ տրիկլոզան է պարունակում՝ միացություն, որը խախտում է հորմոնալ հավասարակշռությունը եւ կարող է սպառնալ վերարտադրողական ամբողջ համակարգին:

Վտանգավոր են նաեւ պարաբենները՝ կոնսերվանտներ, որոնք հանդիպում են օճառի, շամպունների եւ բալզամների մեջ: Դրանք կոչված են բակտերիաների աճը կանխարգելելուն, սակայն մեծ խտությունը նվազեցնում է կանանց շրջանում առողջ ձվաբջիջների եւ տղամարդկանց շրջանում առողջ սերմնաբջիջների աճի հավանականությունը:

Ինչ վերաբերում է եղունգների լաքին, ապա այն պարունակում է վտանգավոր միացությունների մի ամբողջ կոկտեյլ, որոնք անպտղություն են առաջացնում թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում: Ավելին՝ դրանք կարող են նաեւ նրանց երեխաների մոտ բնածին արատներ առաջացնել, եթե այնուամենայնիվ հաջողվի երեխա բեղմնավորել: Մասնավորապես՝ կասկածներ են առաջացնում ֆորմալդեհիդը, DPT-ի (dibutyl phthalate) նման ֆտալատները, տոլուոլը եւ թռչող օրգանական միացությունների մի ամբողջ հավաքածուն:

Բացի վերարտադրողական առողջությանը սպառնալուց, տոլուոլը նաեւ վնասում է կենտրոնական նյարդային համակարգը: Ֆտալատները փոխում են հորմոնների մակարդակը, ներգործում են վերարտադրման վրա եւ կուտակվում են կրծքի կաթում:

Մասնագետների պնդմամբ՝ ընդհանրապես կոսմետիկայում շատ միացություններ կարող են վիժումներ, վաղաժամ երկունք, մարմնի փոքր զանգվածով, սովորելու ու վարքի խնդիրներով կամ ուղեղի, երիկամների, նյարդային համակարգի վնասվածքներով երեխայի ծնունդ առաջացնել:



© NEWS.am Medicine