Հնդկաստանում հաջողությամբ վիրահատել են 8 վերջույթով երեխային (ֆոտո)

11:35   15 ապրիլի, 2017

Հնդկաստանի վիրաբույժների խումբը 7 ամսական իրաքցի փոքրիկի ավելորդ վերջույթների վիրահատություն է կատարել, որը պոլիմելիայով՝ սաղմի զարգացման արատով էր ծնվել, որի դեպքում սիամական երկվորյակներից մեկը կլանվում է մյուսի կողմից: Տղան 8 վերջույթով էր ծնվել, ըստ որում՝ որոշ վերջույթներ կախված էին կրծքավանդակից, հայտնում է Hindu պարբերականը:

Բուժումն անցկացվել է Նոիդա քաղաքի Ջայփի հոսպիտալում: Քարամի բուժումը երեք փուլով է կատարվել՝ նախ հեռացվել են ավելորդ ոտքերը, այնուհետեւ բժիշկները կատարել են սիրտ-անոթային համակարգի վիրահատություններ, որպեսզի ապահովեն սրտի նորմալ աշխատանքը եւ օրգանիզմին արյան մատակարարումը, վերջին փուլում հեռացվել են ավելորդ ձեռքերը:

«Երբ Քարամին առաջին անգամ հիվանդանոց բերեցին, նա ընդամենը 2 շաբաթական էր, եւ նրա վիճակը ծայրահեղ ծանր էր: Նրա վիճակը գնահատելուց եւ վտանգի գործոնների վերլուծությունից հետո մենք որոշեցինք նրան մի քանի փուլով վիրահատել»,- հայտարարել է հիվանդանոցի ներկայացուցիչ, բժիշկ Գաուրավ Ռաթհորը:

Բժիշկները ոչ միայն ավելորդ օրգաններն ուղղակի հեռացրել են, այլեւ շտկել են հիվանդության հետեւանքով առաջացած ֆիզիոլոգիական թերությունները՝ ոտքերի դիրքը, կեցվածքը, հեռացված ոտքերից մկաններ են փոխպատվաստել ձախ, «առողջ», բայց չզարգացած ոտքին: Առաջին փուլից հետո բուժումն ընդմիջվել է, եւ Քարամին տուն՝ Իրաք են ուղարկել, ըստ որում՝ բժիշկները ընտանիքի հետ մշտական կապ են պահպանել, որպեսզի նրանց երեխայի խնամքի վերաբերյալ հրահանգներ տան: Ռաթհորի խոսքով՝ վիրահատության երրորդ փուլը 8 ժամ է տեւել եւ առանց որեւէ խնդրի ընթացել:

Այս վիրահատությունից հետո տղան արդեն նորմալ երեխայի է նմանվել: Բժիշկները ընտանիքին Իրաք կուղարկեն, սակայն մի քանի ամիս հետո կկատարեն սրտի ծանր արատի շտկման վերջին վիրահատությունը: Ավելորդ ձեռքերի եւ ոտքերի պատճառով տղայի սիրտը սխալ է զարգացել: Սակայն բժիշկները կարծում են, որ երեխան բավական ուժեղ է, իսկ արդի բժշկությունը՝ զարգացած, որ հաղթահարի նաեւ այս խնդիրը:



© NEWS.am Medicine