Առանց պահպանակի սեքսը մեծացնում է բակտերիալ վագինոզի առաջացման հավանականությունը

23:48   15 ապրիլի, 2017

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները եւ անցանկալի հղիությունը միակ խնդիրները չեն, որ կարող են առաջանալ չպաշտպանված սեքսի հետեւանքով: Առանց պահպանակի սեքսը կանանց շրջանում մեծացնում է բակտերիալ վագինոզի առաջացման հավանականությունը, պնդում են Monash University-ի (Ավստրալիա) հետազոտողները:

Նրանց կատարած հետազոտությամբ պարզվել է, որ չպաշտպանված սեքսը, եթե նույնիսկ զուգընկերոջ մոտ սեռական ոչ մի ինֆեկցիա չկա, խախտում է հեշտոցի միկրոֆլորայի հավասարակշռությունը, ինչը մեծացնում է բակտերիալ բարդությունների, օրինակ՝ բակտերիալ վագինոզի առաջացման հավանականությունը:

Առողջ հեշտոցում սովորաբար մեծ քանակով «օգտակար» բակտերիաների որոշակի շտամներ կան, որոնք օգնում են տարբեր ինֆեկցիաների կանխարգելմանը. համարվում է, որ կնոջ հեշտոցում բակտերիաների 5 տարբեր շտամներ կան, որոնց թվում գերակայում են Lactobacillus կարգի միկրոօրգանիզմները: Այս բակտերիաները հեշտոցում պահպանում են pH-ի առողջ մակարդակը, նաեւ պայքարում այլ բակտերիաների, սնկերի եւ վիրուսների դեմ՝ դրանց բազմացումը թույլ չտալով:

Ավստրալացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ առանց պահպանակի սեքսը մեծացնում է բակտերիալ վագինոզի հետ կապված երկու բակտերիաների՝ Gardnerella vaginalis-ի եւ Lactobacillus iners-ի ցուցանիշները: Ի դեպ, դրանց թվի աճն այդքան էական է, քանի որ հետագայում անհավանական դժվար է այս ցուցանիշների կրճատումը: Նոր զուգընկերոջ հետ սեքսն էլ ավելի է մեծացնում այս հավանականությունը:



© NEWS.am Medicine