Մագնիումը տարեց մարդկանց կարող է պաշտպանել կոտրվածքներից

20:03   15 ապրիլի, 2017

Սննդակարգում մագնիումի բավարար քանակը կարող է տարեց տարիքում օգնել կոտրվածքները կանխելուն: Այս մասին հայտնում են Բրիսթոլի եւ Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանների գիտնականները:

Կոտրվածքները հաճախ օստեոպորոզի հետեւանքով են առաջանում եւ համարվում են տարեց մարդկանց հաշմության հիմնական պատճառներից մեկը: Տարածված կարծիքի համաձայն՝ ոսկորների առողջության պահպանմանն օգնում են կալցիումը եւ D վիտամինը, սակայն պարզվել է, որ մագնիումը նույնպես այս հարցում չափազանց կարեւոր դեր ունի:

Գիտնականները հետազոտություն են կատարել միջին տարիքի 2245 տղամարդկանց մասնակցությամբ: Կամավորներին հետեւել են 20 տարի: Արդյունքում նրանք հայտնաբերել են, որ արյան մեջ մագնիումի ցածր մակարդակ ունեցող կամավորների շրջանում կոտրվածքների (հատկապես ազդոսկրի) հավանականությունը մեծ է եղել: Իսկ արյան մեջ մագնիումի բարձր մակարդակով մասնակիցների շրջանում կոտրվածքների հավանականությունը 44 տոկոսով նվազել է: Արյան մեջ մագնիումի շատ բարձր մակարդակ ունեցող ոչ մի տղամարդ հետազոտության ընթացքում կոտրվածք չի ստացել:

Նախորդ հետազոտություններով պարզվել է, որ մագնիումը նվազեցնում է նաեւ սրտի նոպաների առաջացումը, կարգավորում է քունը եւ դրականորեն ներգործում իմունային համակարգի վրա: Այլ հետազոտություններ ցույց են տվել, որ միգրեններով տառապող մարդկանց արյան մեջ մագնիումի մակարդակը սովորաբար ավելի ցածր է, քան այն մարդկանց, ովքեր գործնականում գլխացավեր չեն ունենում:



© NEWS.am Medicine