5 հետաքրքիր փաստ բակտերիաների մասին

12:34   16 ապրիլի, 2017

Բակտերիաներն աչքի համար անտեսանելի միկրոօրգանիզմներ են, որոնք ապրում են մեր շուրջը եւ մեր մեջ: Ներկայումս նկարագրված է բակտերիաների մոտ 10 հազար տեսակ, սակայն համարվում է, որ գոյություն ունի միլիոնից ավելի բակտերիա: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բակտերիաների մասին մի քանի հետաքրքիր փաստեր:

1. Բակտերիաներն արտաքուստ չեն փոխվել մեկ միլիարդ տարվա ընթացքում

Բակտերիաների արտաքին տեսքը չի փոխվում ահա արդեն մեկ միլիարդ տարի՝ դրանք հիմա նույնպիսի տեսք ունեն, ինչպիսին ունեին միլիարդ տարի առաջ: Այս տարիների ընթացքում բակտերիաների մեջ միայն ներքին փոփոխություններ են կատարվել: Այս երեւույթը ստացել է «Ֆոլքսվագենի համախտանիշ» անունը:  «Ֆոլքսվագեն-բզեզ» ավտոմեքենան ամբողջ աշխարհին այնքան դուր եկավ, որ այն արտադրողները 40 տարի շարունակ մեքենայի արտաքին տեսքը չէին փոխում:

2. Ամենամեծ բակտերիան հասնում է 0,75 մմ երկարության

Գիտությանն այսօր հայտնի ամենամեծ բակտերիան Thiomargaritanamibiensis-ն է: Անունը թարգմանաբար նշանակում է «Նամիբիայի գորշ մարգարիտ»: Այն հայտնաբերվել է 1999 թվականին: Տրամագծով նրա չափը կարող է հասնել 0,75 մմ-ի. ստացվում է, որ այն գրեթե 2 անգամ ավելի մեծ է ստանդարտ կետից, որի չափը  0,351 մմ է:

3. Մարդու օրգանիզմում 2 կգ բակտերիա կա

Մարդու օրգանիզմում 2 կգ ընդհանուր քաշով բակտերիաներ են ապրում: Բակտերիաների ամենամեծ քանակը աղիներում է՝ հենց նրանք են ապահովում նորմալ մարսողության համար անհրաժեշտ միկրոֆլորան: Դրանից բացի, բակտերիաների ավելի քան 1458 տեսակներ կարելի է գտնել մարդու պորտում:

Միջինվիճակագրական մարդու բերանի մեջ մոտ 40 հազար տարբեր բակտերիաներ կան, որոնց մոտ 95 տոկոսը վտանգավոր է: Համբուրվելիս մարդիկ մեկ միլիարդ բակտերիա են փոխանակում:

4. Մեզ շրջապատող առարկաների վրա ահռելի քանակով բակտերիաներ կան

Դուք կարծում էիք, որ տան ամենակեղտոտ իրը զուգարանակո՞նքն է: Մանչեսթերի համալսարանի գիտնականների հետազոտության համաձայն՝ բջջային հեռախոսի վրա 18 անգամ ավելի շատ բակտերիաներ կան, քան կոշիկի ներբանին կամ զուգարանակոնքի նստատեղին: Սովորական աշխատանքային սեղանին 400 անգամ ավելի շատ բակտերիաներ կան, քան զուգարանում, ըստ որում՝ գրասենյակներում, որտեղ աշխատակիցների մեծ մասը տղամարդիկ են, բակտերիաների թիվն ավելի մեծ է: Իսկ թղթադրամների վրա միջինում մոտ 3 հազար տարբեր բակտերիաներ կան:

5. Պատահում են սուպերբակտերիաներ

Բակտերիաների մեծ մասը հակաբիոտիկների նկատմամբ խոցելի են՝ դեղեր, որոնք բակտերիաները ոչնչացնում են: Սակայն վերջին շրջանում գիտնականներն ավելի հաճախ են բակտերիաներ հայտնաբերում, որոնք գոյություն ունեցող հակաբիոտիկների մեծ մասի, իսկ երբեմն էլ բոլորի նկատմամբ կայուն են: Բակտերիաների կայունությունն առաջանում է հակաբիոտիկների սխալ օգտագործման հետեւանքով:

Գոյություն ունեն նաեւ բակտերիաների տարատեսակներ, որոնք ճառագայթման նկատմամբ այնքան կայուն են, որ գիտնականները դրանք «Կոնան բակտերիաներ» են անվանում:

 



© NEWS.am Medicine