Վիրտուալ իրականությունը աուտիզմով երեխաներին կօգնի դասարանում հարմարվելուն

17:36   16 ապրիլի, 2017

Վիրտուալ իրականությունը աուտիզմով երեխաներին կօգնի դպրոց հաճախելիս ազատվել սթրեսից: Տեխնոլոգիան արդյունավետորեն փլուզում է ընկալման եւ սոցիալական շփման պատնեշները, որոնց պատճառով աուտիկ սպեկտրի խանգարումներով երեխաները էական դժվարություններ են ունենում աշակերտական կոլեկտիվներում գտնվելիս: Հետազոտողների կարծիքով՝ վիրտուալ իրականության տեխնոլոգիան աուտիզմով երեխաների համար անվտանգ շրջակա միջավայր է ստեղծում, եւ այս միջավայրի պայմաններում նրանք սովորում են, թե մանկական կոլեկտիվներում սթրեսային իրավիճակներն ինչպես հաղթահարեն: Այս նպատակով գիտնականները նախատեսում են վիրտուալ դասարաններ ստեղծել, որոնք տարբերվում են իրականից:

Այս դասարաններում աշխարհն ավելի կանխատեսելի է, ինչի շնորհիվ աուտիզմով երեխաները իրենց ավելի վստահ են զգում: Մարդկանց ավատարները վիրտուալ աշխարհում մարմնի լեզվի եւ դեմքի արտահայտության ավելի պարզ լեզու են ցուցադրում: Սա նվազեցնում է աուտիզմի զոհերի խճճվածության աստիճանը, քանի որ նրանց համար երբեմն շատ դժվար է մյուս մարդկանց էմոցիաները հասկանալ: Ներկայումս հետազոտողները փորձարկում են վիրտուալ իրականության հանրահայտ Oculus Rift ակնոցը՝ ներգործելու համար աուտիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխաների վրա: Տեխնոլոգիան թույլ է տալիս երեխաներին տեղափոխել վիրտուալ աշխարհ եւ նրանց վարքին արդյունավետորեն հետեւել:

Աուտիզմի զոհերը բախվում են սենսորային տեղեկատվության ավելցուկի հետ, քանի որ նրանց ուղեղը չի արգելափակում արտաքին խթանիչների մի մասը, ինչպես կատարվում է աուտիզմով չտառապող մարդկանց մոտ: Արդյունքում նման տեղեկատվության ավելցուկը կարող է տագնապի կամ նույնիսկ խուճապի զգացում առաջացնել, եթե աուտիզմով երեխան հայտնվում է այնպիսի իրադրությունում, որտեղ նրա շուրջը մեծ թվով մարդիկ կան: Սա կարող է պատահել սովորական դպրոցի դասարանում: Միչիգանի համալսարանի հետազոտողների կարծիքով՝ վիրտուալ իրականությունը համանման պայմաններ է մոդելավորում՝ աուտիզմով երեխաներին դրանց հարմարեցնելով աստիճանաբար, որպեսզի իրական հանգամանքներում նրանք զգալիորեն քիչ սթրես ապրեն:

 



© NEWS.am Medicine