Ադրբեջանում հեմոֆիլիայով հիվանդանալու հիմնական պատճառն ազգակցական ամուսնություններն են

18:13   17 ապրիլի, 2017

Եթե ամբողջ աշխարհում հեմոֆիլիայով հիվանդ 60 կին կա, ապա նրանցից վեցը գրանցված են Ադրբեջանում: Սա կապված է երկրում մեծ տարածում ունեցող ազգակցական ամուսնությունների հետ, հայտարարել է Ադրբեջանի Հեմոֆիլիայի գիտագործնական կենտրոնի տնօրեն Էլմիրա Հադիմովան, փոխանցում է ԱՊԱ-ն:

Հիշեցնելով, որ հեմոֆիլիան հազվագյուտ ծանր ժառանգական հիվանդություն է, որը կապված է արյան մակարդելիության ֆունկցիայի խանգարման հետ, Էլմիրա Հադիմովան ասել է, որ հեմոֆիլիայով հիմնականում տղաներն են հիվանդանում:

«Կանայք այս հիվանդությունը փոխանցում են իրենց երեխաներին: Սակայն կան գենետիկ այնպիսի տարբերակներ, որոնց դեպքում աղջիկները եւս կարող են հեմոֆիլիայով հիվանդանալ: Ամեն տարի Ադրբեջանում գրանցվում է հեմոֆիլիայով հիվանդ 50-60 մարդ: Նրանց մոտ 25 տոկոսը 1-15 տարեկան երեխաներն են կազմում»,- ասել է նա:



© NEWS.am Medicine