Սմարթֆոնների պատճառով ապագայի մարդիկ կուզիկ եւ ծռակող կդառնան

11:55   18 ապրիլի, 2017

Սմարթֆոնների օգտագործումը կարող է մարդու արտաքինի մեջ էվոլյուցիոն փոփոխություններ առաջացնել, ենթադրում են գիտնականները: Մասնավորապես՝ մարդկանց ապագա սերունդները կուզիկավոր մեջք ձեռք կբերեն եւ ի ծնե ծռված պարանոց:

Մեջքի վիրաբույժները նշում են, որ պարանոցի եւ մեջքի ցավերով տառապող հիվանդների թիվը մշտապես եւ կայուն աճում է: Սա կապված է այն հանգամանքի հետ, որ մարդիկ սմարթֆոնները երկար ժամանակ օգտագործելիս սխալ կեցվածք են պահպանում: Որոշ հիվանդներ, գերազանցապես երիտասարդ տարիքի, ընդհանրապես չպետք է տառապեին պարանոցի եւ մեջքի ցավերով: Ավաղ, նրանց մոտ ճողվածքներ եւ սկավառակների տեղաշարժ է ախտորոշվում, հոդերի եւ ջլերի խնդիրներ: Ռենտգեն պատկերներում այս հիվանդների մեջքը սովորաբար կորացած է, ինչը պայմանավորված է երկար ժամանակ սմարթֆոնի վրա հակված նստելու սովորույթով, ընդգծել են Լոս Անջելեսի Cedars-Sinai-ի փորձագետները:

Գիտնականներին անհանգստացնում է նաեւ այն, թե սմարթֆոնների օգտագործման այս պրակտիկան ինչպես կանդրադառնա նաեւ այն երեխաների առողջության վրա, որոնք ընդհանրապես չեն բաժանվում համանման խաղալիքներից: Չէ՞ որ երեխաների ոսկորները դեռեւս աճում են, դրանք լիովին կազմավորված չեն: Նախորդ հետազոտություններով պարզվել է, որ մարդիկ պարանոցը թեքում են 45 աստիճան անկյամբ, իսկ հետո նաեւ էլ ավելի ցածր, եթե սմարթֆոնի էկրանին են նայում կանգնած դիրքով, ասենք, մետրոյում: Ըստ որում՝ վզի եւ ողնաշարի սկավառակների վրա բացասական ազդեցությունն ուժեղանում է:

Աճում է նաեւ մարմնի վրա գլխի քաշի ճնշումը: Պարանոցի չեզոք եւ ճիշտ դիրքի դեպքում գլխի քաշը կազմում է մոտ 4-5 կգ: Եթե պարանոցը թեքվում է 15 աստիճան անկյամբ, ապա քաշն ավելանում է մինչեւ 12 կգ, իսկ 60 աստիճան անկյամբ թեքվելու դեպքում՝ մինչեւ 25 կգ: Հենց այս պատճառով 28 տարեկան երիտասարդներն արդեն պարանոցի եւ ողնաշարի սկավառակների վիրահատությունների կարիք են ունենում, որը չէր նկատվում 20 տարի առաջ:



© NEWS.am Medicine