Սխալ ատամնանստվածքով մարդիկ ավելի հաճախ են հիվանդանում քաղցկեղով եւ դիաբետով

14:20   18 ապրիլի, 2017

Սխալ ատամնանստվածքով մարդկանց շրջանում մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի, դիաբետի եւ սրտի կաթվածի առաջացման հավանականությունը մեծ է: Այս մասին հայտնել են Վաշինգտոնի համալսարանի գիտնականները:

Գիտնականների խոսքով՝ այս բոլոր հիվանդությունների առաջացման հավանականությունը պայմանավորված է երեխայի զարգացող օրգանիզմի վրա սթրեսի վաղ ներգործմամբ: Մինչեւ վերջին ժամանակները երեխայի վրա սթրեսի ազդեցության աստիճանը գնահատվում էր ըստ ծնվելու ժամանակ ունեցած մարմնի զանգվածի: Ավելի փոքր զանգվածը վկայում էր ներարգանդային զարգացման շրջանում սնուցող նյութերի անբավարարության մասին, որն էլ վկայում էր սթրեսի ազդեցության մասին:

Սակայն Վաշինգտոնի համալսարանի գիտնականներն այժմ ապացուցել են, որ ծնոտի ոսկորների  տեղաշարժի հետեւանքով առաջացող սխալ ատամնանստվածքը սթրեսի ազդեցության ավելի ճշգրիտ ցուցիչ է: Մարդաբանները տասնյակ տարիներ գանգի եւ ատամների անհամաչափությունն օգտագործել են որպես մարդու օրգանիզմի վրա արտաքին սթրեսի ազդեցության ախտանիշներ: Եվ այժմ այս անհամաչափությունը կարելի է գնահատել պարզապես սեղանատամների նստվածքի միջոցով: Այսպիսի գնահատումը հաշված վայրկյաններ է տեւում, եւ եթե նման երեխայի մայրիկը նաեւ հիշի ծնվելիս նրա քաշը, դա զգալի տեղեկություններ կտա ապագայում այս երեխայի մոտ շատ հիվանդությունների առաջացման հավանականության վերլուծության համար:

Գիտնականները հետազոտել են 6654 երեխայի եւ պարզել, որ նրանցից յուրաքանչյուր չորրորդը ունեցել է սխալ ատամնանստվածք: Հետագայում հենց այս երեխաներն են ավելի հաճախ, քան մյուսները, հիվանդացել քաղցկեղով, սրտի հիվանդություններով եւ դիաբետով, չնայած ավելի ուշ կատարված ատամնանստվածքի շտկման ատամնաբուժական միջամտություններին: Վիճակագրությունը չի փոխվել նույնիսկ այնպիսի գործոնները հաշվի առնելիս, ինչպիսին են վնասակար սովորությունների առկայությունը, ընտանեկան հիվանդությունների պատմությունը, մարմնի զանգվածը եւ այլն:



© NEWS.am Medicine