28-ամյա աղջիկը կաթված է ստացել օրալ հակաբեղմնավորիչների պատճառով

18:08   18 ապրիլի, 2017

28-ամյա Նատալի Թրիքեթը կաթված է ստացել օրալ հակաբեղմնավորիչներ ընդունելու ֆոնին:

Որոշ ժամանակ նրա մոտ ուժգին գլխացավեր են եղել, բայց այն վերագրել են «սովորական» միգրենին: Իրականում Նատալիի ուղեղում ձեւավորվել է արյան մակարդ, որը խցանելով ուղեղը սնուցող անոթներից մեկը՝ կաթվածի պատճառ է դարձել: Մի առավոտ նա կորցրել է գիտակցությունը, զրկվել տեսողությունից եւ դեմքի աջ կեսի զգայունությունից:

Նատալին հիմա մտաբերում է, թե ինչպես է կաթվածի ախտանիշների զարգացմանը զուգահեռ զրկվել շրթունքների զգայունությունից, հետո նրա մոտ հալյուցինացիաներ են սկսվել, եւ զրկվել է տեսողությունից: Հիվանդանոցում բժիշկները միգրեն են ախտորոշել եւ աղջկան տուն ուղարկել ցավազրկողի դեղատոմսով, նաեւ խորհուրդ են տվել լավ հանգստանալ: Հաջորդ օրը Burnley Hospital-ում ստուգել են նրա տեսողությունը: Թեստերը կաթվածի առկայություն են ցույց տվել, եւ աղջկան անմիջապես հոսպտալացրել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ սկսելով ուշացած բուժումը:

Կաթվածից առաջ մեկ տարի Նատալին Microgynon հակաբեղմնավորիչներ է ընդունել: Բժիշկների կարծիքով՝ հենց այս դեղն է դարձել կաթվածի պատճառը: Բանն այն է, որ հորմոնալ հակաբեղմնավորիչները մեծացնում են թրոմբների առաջացման հավանականությունը, հետեւաբար՝ մեծացնում են նաեւ գլխուղեղի եւ սրտի կաթվածների հավանականությունը: Հետաքրքիր է, որ այս մասին, որպես կանոն, նշված է այս դեղամիջոցների հրահանգներում, պարզապես քչերն են այն կարդում:

«Իմ հիվանդությունից հետո ես կապ հաստատեցի այլ երիտասարդ կանանց հետ, որոնք նույնպես կաթված էին ստացել, եւ շատերն էին կասկածում, որ դրա պատճառը նույնպես հաբերն են եղել: Օրալ հակաբեղմնավորիչների հնարավոր կողմնակի էֆեկտների ցանկում հիշատակվում են կաթվածները, քանի որ այս հաբերը մեծացնում են թրոմբների առաջացման հավանականությունը: Բայց ինձ թվում է, որ մինչեւ ինքդ չես բախվում կաթվածին, քո մտքով էլ չի անցնի, որ քեզ հետ կարող է այդպիսի բան պատահել: Կարծում եմ, որ կանանցից շատերն այս մասին չգիտեն: Նրանք չեն հասկանում, որ հակաբեղմնավորիչները կարող են կաթված առաջացնել, եւ չեն պատկերացնում, թե կաթվածներն ինչի կարող են հանգեցնել»,- ասել է Նատալին:

Հիմա նա արդեն 32 տարեկան է: Կաթվածից հետո նրա տեսողությունն այդպես էլ չի վերականգնվել, իսկ մարմնի աջ կողմի թուլությունը չի անցել:



© NEWS.am Medicine