Դիետիկ գազավորված ըմպելիքները մեծացնում են կաթվածի եւ տկարամտության առաջացման հավանականությունը

15:37   21 ապրիլի, 2017

Գազավորված քաղցր ըմպելիքներից հրաժարվելը հօգուտ դրանց «դիետիկ» այլընտրանքների, հնարավոր է, այնքան էլ հաջող գաղափար չէ, ինչպես կարող է առաջին հայացքից թվալ: ԱՄՆ-ի Բոստոնի համալսարանի գիտնականները զգուշացնում են, որ դիետիկ գազավորված ըմպելիքների ամենօրյա օգտագործումը գրեթե 3 անգամ մեծացնում է կաթվածի եւ դեմենցիայի առաջացման հավանականությունը:

Բոստոնցի գիտնականները 7 տարի շարունակ ուսումնասիրել են ավելի քան 4 հազար մարդու սննդային նախապատվությունները: Այնուհետեւ նրանց առողջությանն են հետեւել եւս մեկ տասնամյակ: Հաջողվել է պարզել, որ օրական արհեստական քաղցրացնող նյութով գազավորված առնվազն մեկ ըմպելիք օգտագործած մարդիկ 2,9 անգամ ավելի հաճախ են հիվանդացել Ալցհեյմերի հիվանդությամբ եւ 3 անգամ ավելի հաճախ են տառապել իշեմիկ կաթվածով՝ այն մարդկանց համեմատությամբ, որոնք նման ըմպելիք գործնականում չեն խմել:

Հետազոտության հեղինակները ուշադրություն են դարձրել այն գործոնների վրա, որոնք եւս կարող էին ազդել երկու խանգարումների առաջացման հավանականության վրա՝ ներառյալ տարիքը, սեռական կրթվածությունը, ֆիզիկական ծանրաբեռնվածության մակարդակը եւ սնունդի կալորիականությունը:

Հետաքրքիր է, որ սովորական շաքար պարունակող գազավորված ըմպելիքները կապված չեն այս հիվանդությունների առաջացման հավանականության մեծացման հետ: Իհարկե, չպետք է մոռանալ, որ քաղցր ըմպելիքները եւս առողջության համար շատ վտանգներ են պարունակում, որոնց թվում են ճարպակալումը եւ դիաբետը:



© NEWS.am Medicine