Լատվիան Եվրամիության երկրների թվում դարձել է ՄԻԱՎ ամենավարակակիր երկիրը

16:08   24 ապրիլի, 2017

Լատվիայում գրանցվել է Եվրամիությունում ՄԻԱՎ-ով հիվանդացության ամենաբարձր մակարդակը, լրագրողներին ասաց Բալթյան ՄԻԱՎ ասոցիացիայի ղեկավար Ինգա Ուպմացեն:

«Լատվիայում արձանագրված մարդու իմունոդեֆիցիտի վիրուսով հիվանդանալու նոր դեպքերի թիվը գերազանցել է Էստոնիայի ցուցանիշը եւ դարձել ԵՄ բոլոր երկրների շարքում ամենաբարձրը: Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվարի 1-ին Լատվիայում գրանցվել է ՄԻԱՎ-ով 6972 հիվանդ»,- պարզաբանեց Ուպմացեն:

Նրա խոսքով՝ նման վիճակագրությունը Լատվիայի համար անչափ տագնապահարույց ազդանշան է:

«Սա վկայում է խնդրի լուծմանը պետական կազմակերպությունների բոլոր մակարդակների ներգրավման անհրաժեշտության մասին: Անհրաժեշտ է հասարակությանը ոչ միայն իրազեկել եւ լուսաբանել, այլեւ մարդկանց առաջարկել ստուգել իրենց ՄԻԱՎ կարգավիճակը: Նրանց, ովքեր վարակված են, հարկ է հակավիրուսային թերապիայով ապահովել»,- շեշտեց ասոցիացիայի ղեկավարը:

Ուպմացեն հավելեց, որ վերջին ամիսներին անցկացված ՁԻԱՀ-ի եւ ՄԻԱՎ ինֆեկցիայի թեստերի թիվն աճել է միջինը 15 տոկոսով: 2016 թվականի առաջին 8 ամիսներին Լատվիայում գրանցվել է ՄԻԱՎ-ով հիվանդանալու 197 նոր դեպք, իսկ հետագա 4 ամիսներին՝ եւս 168:

Դրանից զատ, իշխանությունները գործարկել են իմունոդեֆիցիտի վիրուսի վտանգների մասին իրազեկման արշավ: Երկրի բնակիչները սկսել են ավելի ակտիվորեն անցնել ՄԻԱՎ թեստերը, եւ արդյունքներն ահաբեկող են՝ արշավի ընթացքում նոր հիվանդների թիվը կրկնապատկվել է:

Բալթյան ՄԻԱՎ ասոցիացիայի տեղեկություններով՝ ավելի հաճախ վիրուսը փոխանցվում է հետերոսեքսուալ սեռական շփումներով (38 տոկոս): Նույնասեռական կապերի հետեւանքով հիվանդության դեպքերը կազմել են 6,6 տոկոս: Լատվիայում ՄԻԱՎ-ը ընդգրկում է տարիքային բոլոր խմբերը՝ ե՛ւ նորածիններին, ե՛ւ 55 տարեկանից մեծ մարդկանց:



© NEWS.am Medicine